Մոտորանավակով լիճ էին դուրս եկել, մեկը սուզվել և այլևս չի վերադարձել. Սևանում լողասեզոնին արդեն խեղդվող է եղել

 Լողասեզոնի բացմանն ընդառաջ հուլիսի 9-ից Սևանում հատուկ ջրափրկարարական ջոկատը սկսել է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ Այս տարի լողասեզոնին արդեն իսկ ջրահեղձման մեկ դեպք է գրանցվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը։ Գրում է Sputnik Արմենիան:


«Նախորդ տարի լողասեզոնին ջրահեղձության դեպք չի գրանցվել , իսկ այս տարի հուլիսի 17-ին մեկ դեպք ունեցանք։ 8-9 անձ իրենց անձնական մոտորանավակով լիճ էին դուրս եկել զբոսնելու և 2 անձ ցատկել էին լիճ` լողալու։ Ցատկողներից մեկը` մոտորանավակը վարողը, սուզվել և այլևս չի վերադարձել։ Նրան ջրահեղձված վիճակում ենք գտել»,–ասաց Ճզմաչյանը։ 


Նրա խոսքով` նախորդ տարիներին ջրահեղձության դեպքերը լողասեզոնին հասել են 13-14-ի, և միայն վերջին տարիներին է դեպքերի թիվը նվազել։ Իսկ դրա հիմնական պատճառը կանխարգելիչ միջոցառումներն են, ինչպես նաև քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացումը։ 
Այս տարի ջրահեղձման 16 դեպք է գրանցվել. ԱԻՆ-ը ուժեղացնում է հսկողությունը. տեսանյութ 
Ճզմաչյանը հայտնեց, որ հուլիսի 17-ին Շորժայի հարակից ափերից մեկում 2 ռուս զբոսաշրջիկի են փրկել. քամին քշել, տարել էր սապբորդինգ իրականացնողներին դեպի լճի խորքերը։ Հանրային լողափերից 40 կիլոմետր հեռավորության վրա ՌԴ երկու քաղաքացիներին հայտնաբերել և ափ են դուրս բերել։ 


Սևանում գործող Երևանի «Առագաստ» ակումբի տնօրեն, սպորտի վարպետ Մհեր Թովմասյանը հայտնեց` արդեն 40 տարի է, ինչ ջրային մարզաձևերով զբաղվում են երեխաների հետ և որևէ պատահար չի եղել իրենց մոտ։ 


«Մարդիկ Սևան են գնում ուտել-խմելու համար, այլ ոչ թե սպորտային մարզաձևերով զբաղվելու, իսկ մենք երեխաներին սովորեցնում ենք ջրի հետ հարգանքով վերաբերվել` անվտանգության կանոններն են սովորեցնում։ Ջրահեղձման դեպքերը հիմնականում լինում են այն պատճառով, որ մարդիկ ափին տաքանում են և հետո միանգամից մտնում են սառը ջրի մեջ և սպազմ է առաջանում։ Խեղդվողների մեծ մասը լավ լողորդներն են, որոնք ոչ մի կանոնի չեն ենթարկվում, քանի որ վստահ են իրենց վրա»,–ասում է Թովմասյանը։ 


Նրա խոսքով` մոտորանավակ  վարում են մարդիկ, որոնք ոչ մի կանոնի չեն ենթարկվում, չնայած կարգավորում գոյություն չունի էլ` արագության սահմանափակման և այլ հարցերի հետ կապված։

Քաղաքականություն