Իր մահվան օրը մոտեցել է խցին ու ասել, որ մարտական է տրամադրված. Չալաբյանը` Գրիգորյանի մասին
«Հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց»: «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել և պատմել իր և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ծանոթության, բանտում անցկացրած վերջին օրերի մասին։
Չալաբյանը նշել է, որ Գրիգորյանի հետ ծանոթ էին 1991 թվականից, երբ Երևանի բժշկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների թիմը» Մոսկվայում խաղում էր Նովոսիբիրսկի համալսարանի թիմի հետ։ Չալաբյանը որպես երկրպագու միացել է այդ թիմին և նրանց հետ մեկնել Մոսկվա։
Չալաբյանի խոսքով` Արմենի հետ երբեմն հանդիպում էին Մոսկվայում, և նորից մտերմացան վերջին տարիներին, երբ երկուսն էլ` տարբեր ձևերով, հայտնվեցին ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում։
«Վերջին երկու ամիսներին Արմենն ու ես հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց, և ամեն օր զբոսանքի գնալիս, Արմենը մի պահ կանգնում էր մեր պատուհանի առաջ և ողջունում մեզ։ Ես մոտենում էի պատուհանին, և մենք հասցնում էինք երկու բառ փոխանակել։ Ամեն անգամ մենք իրար խոստանում էինք պայքարել մինչև վերջ` ոչ միայն մեր ազատության համար, այլև մեր երկիրը պատուհասած չարիքի դեմ։ Ամեն անգամ Արմենն էր ինձ ոգևորում, կատակում և ժպտում և արագ հեռանում բանտարկյալների խոժոռ հայացքների տակ»,– գրել է Չալաբյանը։
Արմենն իր մահվան օրը` առավոտյան մոտեցել է Չալաբյանի խցին, ողջունել ու ասել, որ մարտական է տրամադրված և գնում է դատի։
Վերջին երկու ամսում, գտնվելով կալանավայրում, Չալաբյանին «բախտ է վիճակվել» ամենօրյա ռեժիմով շփվել իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ։
«Նրանք առանց բացառության գիտակցում են, որ Արմենի, իմ, կամ մեր նման ուրիշների դեպքում, նրանք օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող, բռի և կոպիտ պատվեր են կատարում, սակայն շարունակում են այն կատարել ստրուկի հնազանդությամբ»,- գրել է Չալաբյանը։
«Արմենի պայքարն անավարտ է. մենք պետք է շարունակենք այն: Արմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և չի հանձնվելու։ Նա իսկապես պայքարեց մինչև իր վերջին շունչը և պայքարին տվեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրա պայքարը սակայն անավարտ է, և մենք պետք է շարունակենք այն։ Այս պայքարի վերջը չպետք է լինի Արմենի, իմ, ու մեր նմանների վերջը, այլ իրապես արդար, ազատ և հզոր Հայաստանը։ Միացեք այդ պայքարին յուրաքանչյուրդ իր տեղում, ու մի թույլ տվեք, որ մեր մեջի ստրուկը հաղթի ազատ մարդուն»,-նամակում նշել է Չալաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԿԱՐևՈՐ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. կիրառել են խոշոր տրամաչափի զինատեսակներ
Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային...
Սկեսրոջ հետ վիճելուց հետո փորձել է կամրջից ցած նետվել
Սպիտակ քաղաքում 28 տարեկան աղջիկը տանը վիճել է սկեսրոջ հետ, որից հետո նրան տանից դուրս են հանել: Այս մասին հայտնում է Ar...
Ինչու է կանաչում Սևանա լիճը. ՇՄ նախարարության պարզաբանումը
Ինչո՞ւ է կանաչում Սևանա լիճը և ինչ քայլեր են ձեռնարկվում հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Պարզաբանում է տարածել Շրջակա մի...
«Մարզպետը, համայնքապետը եկել են մեզ հետ հանդիպման». Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը բացվեց
Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը երկկողման բաց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզի Ակնալիճ գյուղի բնակ...