«Արթո՛ւր, իջի ցած». Զոհված զինծառայողների ծնողները գլխավոր դատախազության դիմաց են

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացնում ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցնել մեղադրյալի աթոռին։

Կամավորական Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Օհանջանյանը, ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատերազմի օրերին (հոկտեմբերի 15-ին) որդին sms հաղորդագրություն է գրել ու ասել. «Այս հողերը ծախել են ու իմ նման տղաների կյանքն էլ հետը»։

«Մենք այժմ պահանջում ենք, որպեսզի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (Պետական դավաճանությունը) գործ հարուցվի։ Մենք պահանջում ենք նաև, որպեսզի քննչական կոմիտեից Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցվի մեր գործը»,- նշեց Օհանջանյանը։

Մյուս ծնողներն էլ շեշտեցին, որ Քկ-ին չեն վստահում, մասնավորապես` Արգիշտի Քյարամյանին (ՔԿ նախագահ,-խմբ.), և հիասթափված են նրանից հատկապես այն բանից հետո, երբ իրենք հանդիպել են վերջինիս հետ ու իրենց պնդմամբ` ոչ այնքան լավ վերաբերմունքի արժանացել։

Ծնողները նաև ցանկանում են ճշտել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից` արդյոք նա ի վիճակի՞է այնպես անել, որպեսզի իրենց գործը ՔԿ-ից ԱԱԾ տեղափոխվի։

Ակցիայի մասնակիցները նաև սկսեցին վանկարկել` «Արթո՛ւր, իջի՛ ցած»։

Դավթյանի օգնականը մոտեցավ ծնողներին և հայտնեց, որ 2 հոգի կարող են բարձրանալ, սակայն նրանք հրաժարվեցին այդ առաջարկից։ Դրանից հետո մեկ այլ աշխատակից էլ իջավ ու ասաց` 10 ծնող կարող է ներս մտնել, սակայն առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների։

Նշենք, որ զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ-ում քննեն։

Հիշեցնենք` 2021 թվականի հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։

 

Քաղաքականություն