
Չենք վստահում Արգիշտի Քյարամյանին. զոհված զինծառայողի մայրը՝ վերջինիս հետ հանդիպումից հրաժարվելու մասին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել պետական դավաճանության գործով, այսօր հրաժարվել են հանդիպել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, քանի որ իրենց խոսքով՝ վերջինս «վստահություն չունի»:
«Մենք Արգիշտի Քյարամյանին չենք վստահում... Իր հանդիպումը բավարար էր, որ մենք հասկանայինք, որ իրենք մեզ լուրջ չէին վերաբերում: Ի վերջո, այդ մարդը նշանակված է այն մարդու կողմից, որի դեմ մենք պայքարում ենք, որը մեղավոր է այս ամենում: Արգիշտի Քյարամյանը մեզ ասելիք չունի...»,- ասել է Աննա Մկրտչյանը:
Նա նաև նշել է, որ նախորդ ուրբաթ օրը ծնողները փորձել են հանդիպել Արգիշտի Քյարամյանի հետ՝ հասկանալու համար՝ իրենց պահանջի համաձայն հարցաքննության կանչվելո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, թե՝ ոչ, սակայն կոմիտեից նշել են, որ Քյարամյանը տեղում չէ:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ նախորդ հանդիպմանը Արգիշտի Քյարամյանը փողոցային պահվածք էր դրսևորել։ Չնայած Քյարամյանը դրա համար ավելի ուշ ներողություն է խնդրել, սակայն իրենք պահանջում են, որպեսզի գործը փոխանցվի ԱԱԾ-ին։