
Շուշանիկ Ներսիսյանից առաջ Մաքսայինից հեռացել էին նաև այլ պաշտոնյաներ. Հրապարակ

Երեկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շուշանիկ Ներսիսյանն ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Այդ պաշտոնում նա համակարգում էր մաքսային ոլորտը։ Այս մասին գրում է Hraparak. am-ը:
Պատճառը, ըստ տարածված տեղեկությունների, նրա և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի միջև եղած կոնֆլիկտն էր։ Նրանց հարաբերությունների լարվածության և մոտալուտ ազատման մասին մենք պարբերաբար լուրեր էինք ստանում, սակայն Շուշանիկ Ներսիսյանը համառորեն հերքում էր այն։ Մեզ ասում էին, որ նրան Փաշինյանի տիկինը՝ Շուշանիկի ընկերուհի Աննա Հակոբյանն է պահում պաշտոնին։ Մենք տեղեկություն ունեինք նաև, որ Բադասյանը Շուշանիկի կողմից թույլ տրված հավանական չարաշահումների կամ նրա հովանավորչությամբ դրսևորվող կոռուպցիոն երևույթների վերաբերյալ «դոսյեներ» է հավաքել ու տարել դրել է Փաշինյանի դիմաց՝ պահանջելով, որ Շուշանիկին ազատի պաշտոնից, բայց Փաշինյանը ձգում էր երանելի պահը։
Կայքը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ՊԵԿ մաքսային տերմինալների ավելի քան 50 աշխատակից բողոք-նամակ էր հղել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի դեմ՝ պահանջելով հերքել կամ ներողությւոն խնդրել «Հրապարակին» տված հարցազրույցում արած մի շարք հայտարարությունների համար, որտեղ ասել էր, որ տերմինալներում կոռուպցիոն երևույթներ կան մնացած՝ 5-10 հազար դրամի չափով «շնորհակալություն» հայտնելու տեսքով։
Մաքսայինի աշխատակիցները խիստ վիրավորվել էին Բադասյանի արած արտահայտություններից և իրենց ուղղված ակնարկներից՝ դրանք հենց անձամբ իրենց վերագրելով։ Մեզ ասացին, որ մաքսայինի աշխատակիցներին հենց Շուշանիկ Ներսիսյանն էր ուղղորդել Բադասյանի դեմ, կազմակերպել այդ դիմումն ու ստորագրահավաքը։ Թերևս դա էլ է նպաստել կոնֆլիկտի հետագա խորացմանը, որից, փաստորեն, հաղթող դուրս եկավ Բադասյանը։
Երեկ մենք կապ հաստատեցինք այդ նամակի տակ ստորագրած անձանցից մեկի՝ ՊԵԿ Արարատյան մաքսատան-վարչության բացթողումային բաժնի պետը Թաթուլ Մարանյանի հետ, որը Բադասյանի դեմ ուղվածնամակի նախաձեռնողներից էր՝ նրա անունն առաջինն էր նշված ստորագրությունների ցանկում։ Պարզվեց՝ նա ևս ազատվել է աշխատանքից «սեփական դիմումի համաձայն», և ազատվել է սրանից մի քանի օր առաջ՝ նամակը հրապարակելուց մի քանի օր հետո։ Նրա հետ նամակի տակ ստորագրած ևս տասը աշխատակից է ազատվել աշխատանքից։
Մանրամասները՝ կայքում: