Ծանրամարտում Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն ունենք. այսօր Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ / 19:00) և 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը (22:00), որը 6 տարվա դադարից հետո վերադարձել է մրցահարթակ:  Հիշեցնենք, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում 96 կգ քաշային կարգում երկամարտի չեմպիոնական պայքարը ընթացավ հայ երկու ծանրորդների Դավիթ Հովհաննիսյանի և Արա Աղանյանի միջև։ Հաղթեց Դավիթը երկամարտի 377 կգ արդյունքով։ Արդյունքում` Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն: 

96 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին երկու ծանրորդներ՝ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը։ Ընդ որում` և՛ պոկում, և՛ հրում վարժությունում ամենաբարձր նախնական հայտը ներկայացրել էր Դավիթ Հովհաննիսյանը։ Առաջինը հայ մարզիկներից մրցահարթակ դուրս եկավ Արա Աղանյանն ու, հստակ կատարելով վարժությունը, գլխավերևում պահեց 160 կգ կշռող ծանրաձողը։ Երկրորդ մոտեցումով Աղանյանը ֆիքսեց 165 կգ-ը, իսկ երբ Դավիթ Հովհաննիսյանը բարձրացրեց 167 կգ-ը, պարզ դարձավ, որ մերոնք մեդալակիր են այս վարժությունում։ Երրորդ մոտեցման համար Աղանյանը պատվիրեց 170 կգ, և նորից հրաշալի կատարեց մոտեցումը։ Ոսկու համար միակ մրցակիցը մնացել էր Դավիթ Հովհաննիսյանը։ Դավիթը գլխավերևում պահեց 171 կգ-ը և նվաճեց ոսկե փոքր մեդալը, իսկ փոքր արծաթը Արա Աղանյանինն էր։ 

Հրում վարժությունում Արա Աղանյանն առաջին մոտեցմամբ լուրջ հայտ ներկայացրեց երկամարտում մեդալ վաստակելու համար։ Մեր մարզիկին ենթարկվեց 200կգ կշռող ծանրաձողը։ Դավիթ Հովհաննիսյանը առաջին մոտեցման համար պատվիրեց 202 կգ, բայց չկարողացավ պահել այն գլխավերևում։ Իսկ հաջորդ մոտեցումով Դավիթը ֆիքսեց 203 կգ-ը։ Չեմպիոնության համար պայքարն ընթացավ հայ երկու ծանրամարտիկների միջև։ Դավիթը ավարտեց վարժությունը 206 կգ արդյունքով, իսկ Արա Աղանյանը երրորդ մոտեցման համար պատվիրեց 208 կգ, բայց չկարողացավ բարձրացնել։ Երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը 375կգ արդյունքով փոխչեմպիոն։ 

Մինչ օրս Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչումն է նվաճել 81կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը: Հայ ծանրորդը երկամարտի 354 կգ արդյունքով նվաճել Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը։ Իսկ Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում պոկում վարժությունում նվաճել է արծաթե փոքր մեդալ։ 

Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 13 ծանրորդ, որոնցից երեքը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են։ Իզաբելլա Յայլյանն (55 կգ)հինգերորդ տեղն է զբաղեցրել երկամարտում, իսկ Տաթև Հակոբյանը(76 կգ) պոկում վարժությունում, նվաճելով բրոնզե փոքր մեդալ, զրո է ստացել հրում վարժությունում։ 

Եվրոպայի առաջնության վերջին երկու օրերին հայ ծանրամարտիկներից հունիսի 4-ին 102 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը, նույն օրը ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա Արսեն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում։ Կանանց մրցումների 87 կգ քաշային կարգում վեց տարվա ընդմիջումից հետո պայքարի մեջ կմտնի Հռիփսիմե Խուրշուդյանը։ 

Հունիսի 5-ին գերծանր քաշային կարգում մրցահարթակ դուրս կգան գյումրեցի երկու ծանրորդներ՝ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։