
«Սասնա ծռեր» խմբավորման քրգործով կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. ԲԴԽ

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ձերբակալությունների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների.
«Ի պատասխան «Սասնա ծռեր» խմբավորման վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումների՝ հայտնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 24-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով կայացվել է դատավճիռ, որը 26.05.2022 թվականին մտել է օրինական ուժի մեջ:
Հետևաբար՝ 27.05.2022 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»:
Այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Սասնա Ծռեր խմբի անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը։
ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների մասով դատարանն 2021թ-ի փետրվարի 24-ին հրապարակեց դատական վճիռները։
Ըստ այդմ, Պավել Մանուկյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, Վարուժան Ավետիսյանը՝ 7, Արմեն Մխիթարյանը՝ 7, էդուարդ Գրիգորյանը՝ 6, Գագիկ Եղիազարյանը՝ 7, Արեգ Կյուրեղյանը՝ 7, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ նրա մահվան հիմքով։ Խանդոյանին կալանքից ազատելու նպատակով Վահրամ Պետրոսյանի կողմից վճարված 1 միլիոն 500 հազար դրամը կվերադարձվի Պետրոսյանին կամ նրա լիազորված անձին։
Ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։ Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից, դատախազը նրա համար պահանջում էր 21 տարի։
Նշենք, որ վերջնական պատժի նշանակման համար դատարանը հաշվի է առել նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետները։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին իրեն «Սասնա ծռեր» անվանող զինված խումբը ներխուժել էր Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք, որն իր վերահսկողության տակ պահեց կես ամիս։ Այդ իրադարձությունների ժամանակ զոհվեց 3 ոստիկան։