
Մետրոյի գնացքներից մեկում ծուխ է նկատվել. կատարվել է ուղևորների իջեցում

Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի կայքը և հավելում, որ ծուխը նկատվել է այսօր, ժամը 17:00-ի սահմաններում։
Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Տեղեկացվում է, որ գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան (Դեպո)։
Անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։