ԱՀԿ-ն ուռճացրել է ՀՀ-ում Covid-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները. ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` Հայաստանում Covid-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունը հայտնում է, որ նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ վերլուծության են ենթարկվել ԱՀԿ–ի` Covid-19-ի հետևանքով ավելցուկային մահերի մասին հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները։

 

«Պարզվել է, որ մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը: Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

Հաշվի առնելով վերոգրյալը` առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:

Քաղաքականություն