
Ռուսական բանակը ընդլայնում է վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի տարածքների նկատմամբ

Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության ընթացքում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ստորաբաժանումների հետ ընդլայնում է վերահսկողությունը այս երկու հանրապետությունների տարածքների վրա։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը: Ներկայում ռուսական բանակի ստորաբաժանումները Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական աշխարհազորայինների հետ ընդլայնում են վերահսկողությունը երկու տարածքների նկատմամբ», - ասել է Շոյգուն կոնֆերանսի ժամանակ։
Միաժամանակ նա նշել է, որ ռուս զինծառայողները սպառիչ միջոցներ են ձեռնարկում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։
«Մարտական գոտիներից խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար ամեն օր բացվում են մարդասիրական միջանցքներ և հայտարարվում են լռության ռեժիմներ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն ակտիվորեն հումանիտար օգնություն են ցուցաբերում ազատագրված քաղաքների բնակիչներին։
«Ընդհանուր առմամբ իրականացվել է 967 մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում 279 բնակավայրեր ստացել են 17567 տոննա բեռ»,- մանրամասնել է Շոյգուն։