
Բայդենը Պուտինից գրեթե հինգ անգամ ավելի է վաստակել․ Բայդենը հրապարակել է հայտարարագիրը

ԱՄՆ նախագահ Բայդենը հրապարակել է հարկային հայտարարագիր, ըստ որի նրա ընտանիքը մեկ տարվա ընթացքում վաստակել է 610 հազար դոլար, որից 150 հազար դոլարը վճարվել է որպես դաշնային հարկեր։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը մեկ տարում վաստակել է 610.000 դոլար, որից 150.000 դոլարը վճարվել է որպես դաշնային հարկ, ևս 17.000 դոլարը ուղղվել է բարեգործությանը։ Լրատվամիջոցները հղում են անում Սպիտակ տան կայքում հրապարակված հարկային հայտարարագրից։ Բայդենի և նրա կնոջ վաստակած միջոցների մեծ մասի աղբյուրը պետության ղեկավարի տարեկան 400 հազար դոլար աշխատավարձն էր, ինչպես նաև երկու ամուսինների թոշակները։ Բացի այդ, Բայդենը հայտնել է, որ 62 հազար դոլար է ստացել Բայդենների կողմից վերահսկվող անանուն կորպորացիայից, որը 2021 թվականին գումար է ստացել երկու հրատարակչություններից՝ Simon & Schuster-ից և Flatiron Books-ից, գրում է The New York Times-ը։
Ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հրապարակել է իր եկամուտների մասին տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ Պուտինը 2021 թվականին վաստակել է 10,2 միլիոն ռուբլի կամ ներկայիս փոխարժեքով մոտ 127,5 հազար դոլար։ ստացվում է, որ Բայդենը Պուտինից գրեթե հինգ անգամ ավելի է վաստակել։