Հումոր և քննադատություն. Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը ոչ միանշանակ է ընդունվել
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացվել վերջերս ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշն ու նկարագիրը սահմանելու մասին նախագիծը։
Համացանցում ոչ միանշանակ է ընդունվել կոմիտեի խորհրդանիշը: Ֆեյսբուքի հայկական տիրույթում այն ստացել է հումորային արձագանք, ինչպես նաև արժանացել օգտատերերի քննադատությանը:
Նշենք, որ ըստ նախարարության հաղորդագրության՝ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` առյուծը, սուրը, Հայաստանի Հանրապետության դրոշը և գանձարկղը․«Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս: Առյուծը ոսկեգույն է և խորհրդանշում է ուժ, քաջություն և հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով և մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության:
Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։ Ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է: Առյուծից վերև՝ աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը։ Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Դրոշից վերև գրված են «Հայաստանի հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե» բառերը։
[4cda89947f4c38ccdda4e4fbeff02afc.jpg]
[cdf0b5328acf11434b25ef1ee90c8ece.jpg]
[f99ac97ac3510039d758bbc64c204ea4.jpg]
[59c2a6fcab6cb15819bbf14b8e6d9f41.jpg]