Ուկրաինան 15 երկրից զենք է ստացել

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զենք են ստացել 15 երկրից և արդյունավետ օգտագործում են դրանք։ Փետրվարի 24-ին Ուկրաինայում սկսված ռուսական ռազմական գործողության ֆոնին արևմտյան երկրները սկսել են մեծացնել Կիևին զենքի մատակարարումները։

Քիրբին ճեպազրույցում ասել է, որ ուկրաինական բանակը զենք է ստանում ոչ միայն ԱՄՆ-ից, այլև 14 այլ երկրից։

«Եվ մենք գիտենք, որ նրանք օգտագործում են դա, և շատ արդյունավետ են օգտագործում: Դուք ինքներդ կարող եք տեսնել արդյունքները»,- հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Քաղաքականություն

Պատահարներ