Արդեն քանի օր է՝ քաղաքում հաց չկա, մարդիկ լրիվ խուճապի են մատնվել. ուկրաինաբնակ հայ. «Հետք»
Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սլավուտիչ քաղաքում մարդիկ, պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած, հայտնվել են շրջափակման մեջ։ Օրեր շարունակ Սլավուտիչ քաղաք սննդի և վառելիքի մատակարարում չի իրականացվում, եղած պաշարն էլ գրեթե սպառվել է, գրում է «Հետք»-ը
Բելառուսի սահմանից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում ապրում է շուրջ 25 հազ. մարդ, այդ թվում` հայեր։ Քաղաքը կառուցվել է 1986թ․ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով տեղահանված մարդկանց բնակեցնելու համար։ Այն 40 կմ է հեռու Չեռնիգով քաղաքից, որն այս օրերին ռուսական կողմը պարբերաբար հրիթառակոծում է։
Սլավուտիչում ստեղծված իրավիճակի շուրջ «Հետքը» զրուցել է այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացի 50-ամյա Կարեն Շահբազյանի հետ։
«Արդեն քանի օր է՝ քաղաքում հաց չկա, մարդիկ լրիվ խուճապի են մատնվել։ Կարող է մեկ էլ մի տեղից խոսակցություն լինի, որ ալյուր են ճարել, վաղը էս ինչ տեղում, էս ինչ ժամին 50 հատ հաց են բերելու, առավոտից մի 600 հոգի գնա, հերթ կանգնի։ Շունը տիրոջը չի ճանաչում»,- պատմում է Կարեն Շահբազյանը։
Սլավուտիչում բնակիչներն ինքնուրույն են փորձում հաց հայթայթել՝ հիմնականում քաղաքին հարակից գյուղեր գնալով ու գյուղացիներից մթերք խնդրելով։
«Էսօր մի կերպ վառելիք ենք ճարել, գնացել 5 կմ հեռու մի գյուղից թեփի ալյուր ենք բերել, բաժանել հայ ընտանիքներին, որ գոնե ամեն մեկը մի կամ երկու հաց թխեն, ապրեն,- ասում է Կարեն Շահբազյանը, -գնում ենք գյուղեր, դիմում ենք, մարդիկ մեզ հասկանում են, մի կես պարկ ալյուր, մի պարկ կարտոֆիլ են տալիս, բայց էդ մարդկանց պաշարն էլ անվերջ չի, իրենք էլ են հասկանում, որ պատերազմ ա․ վաղը իրենք էլ չեն ունենա»։
Այս պահին քաղաքից դուրս գալու համար նախ պետք է հասնել հրթիռակոծվող Չեռնիգով քաղաք։ Ճանապարհն ապահով չէ, քանի որ շրջակայքում մարտական գործողություններ են ընթանում, և դիվերսիոն խմբեր կան։
«Սկզբի օրերին կապվեցինք մեր դեսպանատան հետ, բոլորիս տվյալներն ուզեցին ու կորան։ Հետո մեզ ասեցին՝ դուք եկեք Լվով, մենք ձեզ կօգնենք։ Եթե մենք կարողանանք հասնել Լվով, իրենց օգնությունը մեր էլ ինչի՞ն է պետք։ Սա պիտի բարձր մակարդակով կազմակերպվի, պիտի միջանցք խնդրեն, թե չէ ես հո չեմ կարող մի ընտանիք վերցնել, ճանապարհ ընկնել, մի բան էլ լինի, էդ պատասխանատվության տակից ո՞նց դուրս գամ»,-ասում է Կարեն Շահբազյանը։
Նրա խոսքով՝ մինչ այս պահը իրենց հետ ոչ ոք կապ չի հաստատել, օգնություն չի առաջարկել, իրենք մնացել են մեն-մենակ ու չգիտեն՝ ինչի սպասել։
«Կապվել եմ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներից մեկի հետ, ասում է՝ մեկին գտեք, փող ուղարկենք, թող ձեզ հանի էդտեղից, ասում եմ՝ էստեղ փողի խնդիր չկա, բոլորս էլ փող ունենք, բայց ոչ ուտելիք կա, ոչ վառելիք, փողը էստեղ ուղղակի թուղթ ա, եթե մտնում ես խանութ բան չկա՝ փողդ ի՞նչ անես,- ասում է Կարենը,- մենք էստեղ բոլոր հայերս բոլորին գիտենք, ամեն օր նստում, խոսում ենք՝ ինչ կարելի ա անել, որտեղից ուտելիք ճարել, մի բան ճարում ենք, որտեղ էրեխեք կան, սկզբից էնտեղ ենք ուղարկում, հետո՝ նոր մեզ»։
Մանրամասները՝ կայքում:






























