Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մանսավորապես, նշված է.

«Հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստը նշանակվել է 28.02.2022թ. ժամը 16:00-ին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ մեր կողմից ներկայացված բողոքի քննության օր է նշանակված 28.02.2022թ. ժամը 13:00-ին:

Դավիթ Տոնոյանը և նրա պաշտպանական խումբը նշանակված դատական նիստի ժամանակ շարունակելու են պահանջել բաց և հրապարակային դատավարություն՝ քրեական գործի նյութերում պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա:

Հաշվի առնելով, որ Դավիթ Տոնոյանի և իր փաստաբանների հայտարարությունները արժանանում են ամենատարբեր մեկնաբանությունների, ընդհուպ «գործարք-առաջարկների» վերաբերյալ ենթադրությունների, հայտնում ենք, որ հայտարարություններով ցանկանում ենք բոլորի ուշադրությունը սևեռել Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման և կալանքի տակ պահելու, գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու, ցույց տալու՝ վարույթն իրականացնող մարմնի, ապա նաև դատարանի անգործության և խնդրո առարկա զինամթերքի գնման գործարքի իրավաչափության վրա:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Տոնոյանը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում և իրականացրել է միմիայն օրինական գործողություններ:

Առաջիկայում փաստաբանական խումբը նախատեսում է անցկացնել մամուլի ասուլիս, որի վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»։

Քաղաքականություն