
Մանկապարտեզի դաստիարակը արձագանքել է աղմկահարույց մեղադրանքներին

Թիվ 124 մանկապարտեզ հաճախած երեխայի նկատմամբ բռնություններ կատարելու աղմկահարույց դեպքով երեխայի մոր երեկ ներկայացրած մանրամասներին Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնում է այդ գործով մեղադրյալ, մանկապարտեզի դաստիարակներից Իրինա Ալեքսանյանը:
«Նախ սկսեմ նրանից, որ երբ երեխայի մայրն ասում է, թե երկու հեռախոս եմ ունեցել ու երկրորդ հեռախոսս տվել եմ երեխաներին, որ մուլտերով նայեն, ինչ է արվում ու նույնն անեն իր երեխայի հետ, ասեմ, որ երկու հեռախոս չեմ ունեցել, այդ ընթացքում ունեցել եմ մեկ հեռախոս։ Ինքը նշում է յոթ երեխայի մասնակցություն, լավ այդ յոթ երեխայից ոչ մեկը չգնա՞ց ու տանը չպատմե՞ց, թե մանկապարտեզում ինչ են արել: Այդ երեխաները 4-5 տարեկան են ու դա իրենց համար հաստատ սովորական երեւույթ չէր լինելու։ Իրենք ամեն ինչ պատմում են տանը՝ ինչ կերան, ինչ խմեցին, ինչ արեցին։ Մեր մանկապարտեզը փոքր մանկապարտեզ է ու հնարավոր չէ՝ մի բան լինի ու մյուս խումբը չիմանա։ Մեր մանկապարտեզն ընդամենը երկու խումբ ունի, փոքր տան նման մանկապարտեզ է ու հնարավոր չէ ծածուկ մի բան անել ու ոչ մեկը չիմանա: Այսինքն՝ ինչպե՞ս եք պատկերացնում, եթե նման երեւույթ լինի մանկապարտեզում, ո՞ր ծնողը կլռի»,- ասաց Իրինա Ալեքսանյանը:
Մեր դիտարկմանը, թե փոքր մանկապարտեզ է ու երեխայի ծնողի վստահեցմամբ՝ հիմնականում մանկապարտեզի աշխատողների երեխաներն են հաճախում, մեկը մեկին բարեկամ են, ինչի դեպքում հնարավոր է՝ նման դեպք, եթե տեղի ունենա, մնա մանկապարտեզի ներսում, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Որեւէ արյունակցական կապ չկա, ես, որ մտել եմ այդ մանկապարտեզ, սկզբում եղել եմ ծնող, հետո, երբ տնօրենն իմացել է՝ ունեմ համապատասխան կրթություն, ինձ այդտեղ աշխատանքի է ընդունել: Բացի այդ՝ ես ուզում եմ շեշտել, որ աշխատել եմ երկրորդ հերթի դաստիարակ, այսինքն, գնացել եմ աշխատանքի ժամը երեքին եւ շփվել եմ տվյալ երեխայի հետ այն ընթացքում, երբ փոխարինել եմ առաջին հերթի դաստիարակին, այսինքն՝ դա կարող է լինել տարվա մեջ մի անգամ, երբ նա գնում է արձակուրդ կամ մեկ շաբաթով հիվանդացել է, եւ ես փոխարինել եմ նրան: Ես այդ երեխային տեսել եմ միայն այդ ընթացքում, իսկ մնացած օրերին ինքը երեխաներին շուտ է տարել, եղել է ժամը մեկին, երկուսին: Այսինքն՝ իր նշածները պարզապես չեն կարող լինել»:
Դաստիարակի խոսքով, նշված երեխան շատ ինքնամփոփ երեխա է եղել ու դժվար է հարմարվել միջավայրին, գրեթե չի խաղացել մյուս երեխաների հետ, բերել է մի խաղալիք ու այդ խաղալիքով է ողջ ընթացքում խաղացել: