Քննարկվո՞ւմ է ադրբեջանցի 3 պատգամավորի Երևան գալու հարցը. Մամիջանյանը մեկնաբանում է. «Փաստինֆո»

 Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» երկու հանձնաժողովները Երևանում նիստեր են անցկացնելու, որոնց, հավանաբար, մասնակցելու է նաև ադրբեջանական պատվիրակությունը: «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը լրատվամիջոցներին հաղորդել էր, որ նիստին մասնակցելու համար դեռևս քննարկվում է ադրբեջանցի պատգամավորի Երևան գալու հարցը: Մամուլը գրում է, որ քննարկվում է 3 պատգամավորի ՀՀ գալու հարցը:

 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, որը նաև «Եվրանեսթի» հայկական պատվիրակության անդամ է, նշեց, որ որևէ հստակ տեղեկություն չունի ադրբեջանական պատվիրակության՝ Երևան ժամանելու մասին, սակայն ընդգծեց, որ դա որևէ դեպքում չպետք է խոչընդոտ հանդիսանա հայկական պատվիրակության համար.

 

««Եվրանեսթի» շրջանակներում անձամբ ես պատրաստվում եմ բարձրաձայնել մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրների մասին՝ գերիներից մինչև մեր երկրի սուվերեն տարածքում ադրբեջանական զինյալների ներկայություն, Ղարաբաղյան հակամարտության հետ կապված անընդունելի հռետորիկա և այսպես շարունակ, բարձրաձայնելու եմ այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են հայրենասեր քաղաքացիներին, իմ հռետորաբանությունը բացարձակ չի փոխվելու՝ անկախ նրանից՝ ադրբեջանցիները դահլիճում են ներկա, տեսակապով են լսում, թե չեն լսում առհասարակ»,-ասաց պատգամավորը:

 

Իսկ թե առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում ադրբեջանական պատվիրակության Երևան ժամանմանը, Հայկ Մամիջանյանը արձագանքել է՝ բացասական.

 

«Ինչպե՞ս կարելի է սա դրական համարել: Ես համարում եմ, որ ցանկացած միջազգային կառույց պետք է օգտագործել՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու համար, «Եվրանեստ» ֆորմատի Ադրբեջանը կա, բայց դա չպետք է մեզ համար խոչընդոտ հանդիսանա, հակառակը՝ պետք է գործիք հանդիսանա, որպեսզի նաև այս հարթակում Ադրբեջանի առջև դրվեն այն բոլոր խնդիրները, որոնք առկա են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

 

Հավելենք նաև, որ «Եվրանեսթի» հայկական պատվիրականության ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը լրատվականներից մեկին հայտել էր, որ ադրբեջանական պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կժամանի Հայաստան:

 

Аuroranews.am-ը առավոտից փորձում է կապ հաստատել պատգամավորի հետ` 3 ադրբեջանցի պատգամավորների մասին տեղեյկությունը  ճշտելու և թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար, սակայն վերջինս չի պատասխանում զանգերին:

Քաղաքականություն