
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու. նախարարությունը չի հերքել

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի հերքել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու, սակայն պաշտոնապես խուսափում են ասել, թե քանի ուղղությամբ են կառուցվելու նոր ճանապարհները և, ընդհանուր առմամբ, քանի կմ։
«Փաստինֆո»-ն գրում է, որ դեռեւս 2021 թվականի դեկտեմբերի 14-ին , իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ որոշման արդյունքում Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ: Այլընտրանքային 12 կմ-անոց ճանապարհ է կառուցվելու։ Լրատվականը ներկայացրել էր նաեւ հնարավոր ճանապարհները։
Տարեվերջյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս հաստատել էր, թե տարբեր թվականների քարտեզներով Տավուշի մարզի մի շարք ճանապարհներ դուրս են գալիս ՀՀ տարածքից, թեև սահմանագծում ու սահմանազատում առայժմ չի իրականացվել։
2021 թվականի դեկտեմբերի 28-ին լրատվականը հարցում էր ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ պարզելու, թե որ ճանապարհներն են, ըստ կառավարության, դուրս գալիս ՀՀ տարածքից, Ոսկեպարի մայրուղուն այլընտրանքային ճանապարհ կառուցվելու է, թե ոչ։ Ավելին, նաեւ կոնկրետ երթուղի էինք նշել, թե արդյոք նախատեսվում է կառուցել Ներքին Ծաղկավան-Կիրանց, Կիրանց-Ոսկեպար, Ոսկեպար-Բաղանիս այլընտրանքային ճանապարհներ։
Նախարարությունը նախ մեկ ամիս ժամանակ էր խնդրել՝ պատճառաբանելով, թե հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել: Ապա՝ մեկ ամսյա ժամկետը լրանալուց հետո՝ գրավոր հաստատել, որ քննարկվում են Տավուշու այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցը՝ խուսափելով հանրայնացնել, թե քանի կմ և որ ճանապարհների մասին է խոսքը։ Սակայն փաստն այն է, որ նախարարությունը չի հերքել, որ հարցմամբ նշված երթուղիներով այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցը քննարկման փուլում է։
«Տավուշի մարզում կառուցվելիք այլընտրանքային ճանապարհների շինարարության հարցը պարզ կլինի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրելուց հետո»,- գրավոր հայտնել են նախարարությունից: