Հասարակություն

«Գոլդեն փելիսը» վաճառվել է. ով է գնորդն ու որքան է վճարել

«Գոլդեն փելիսը» վաճառվել է. ով է գնորդն ու որքան է վճարել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր իր հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալին օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները: Այն վաճառվել է 5 միլիարդ դրամով, գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է:

 

«29.10.2021թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) - 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 միլիարդ ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ Գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի,

 

1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը,
2-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2023 թվականի հուլիսի 1-ը,
3-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2024 թվականի հուլիսի 1-ը,
4-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2025 թվականի հուլիսի 1-ը,
5-րդ վճարում՝ ոչ ուշ քան 2026 թվականի հուլիսի 1-ը,

Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ։

Ընկերության կողմից, Գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր։

Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ 2019 և 2020թթ-ին պետությունն արդեն 6 աճուրդ էր կազմակերպել, սակայն հայտարարված բոլոր աճուրդներն էլ չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։

Հիշեցնենք` 2019թ–ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250