
«Շուշիից փրկված մոտ 160 գորգը տվեք ադրբեջանցիներին, որ սկսենք սիրել». ահազանգ՝ Շուշիից փրկված գորգերը տեղ չունեն

Շուշիից փրկված մոտ 160 գորգ տարուց ավել է` Թամանյանի թանգարանում էր, իսկ հիմա անհայտ է է` ուր են պահելու, ինչ անելու: Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Նիկոլայ Թորոսյանը։
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի մի քանի հատն օգտագործել մի քանի ծառայողական մեքենայի բեռնախցիկի քեչայի համար, 1-2-ն էլ կարելի է կտրտել-փռել դիմացի նստատեղերին, որ նստելուց չմաշեն, իսկ մնացածը պետք է վերադարձնել ադրբեջանցիներին: Այ այդ ժամանակ մենք կսիրենք այդ գորգերը, որոնք հիմա անտեսում ենք: Իսկ եթե իրեն էլ կտրտեն՝ ավելի կսիրենք: Ինչպես այսօր սիրում ենք Ջուղայի գերեզմանները, բայց ավիրում ենք Առինջի միջնադարյան խաչքարադաշտը, ինչպես պաշտում ենք Վանը, բայց կեղտոտում Սևանը, սիրում ենք Սասունը, բայց ավիրում Տավուշը, ինչպես լացում ենք Ղազանչեցոցի վիճակի համար, բայց հանգիստ անցնում ենք Արամի տան մոտով»,- նշել էր օգտատերը։
Auroranews-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքվեց՝ Շուշիից փրկված գորգերը պահելու, ցուցադրելու տեղի հետ կապված խնդի՞ր ունենք։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը նշեց, որ այս պահին կա նման խնդիր և այն նախարարության ուշադրության կենտրոնում է։ Նա հավելեց, որ ԿԳՄՍ փոխնախարարը օրեր առաջ հանդիպել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանի հետ՝ փորձում են լուծումներ գտնել։ |