Էլեկտրոմոբիլերի ներկրումն այլ պայմաններով․ ինչու է Ռուսաստան դեմ զրոյական մաքսատուրքի երկարաձգմանը

Անզեն աչքով էլ տեսանելի է, որ վերջին շրջանում մեր երկրում ավելացել է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների թիվը: Թե՛ մասնագետները, թե՛ վարորդներն ասում են, որ ապագան այդ մեքենաներինն է, քանի որ վառելիքի գների շարունակական բարձրացմանը զուգահեռ, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ պահելը դարձել է ոչ միայն էլոկոգիապես, այլ նաեւ ծախսերի դեպքում մատչելի տարբերակ: 

 

Նշենք, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ավելացումը ներառված է կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի շրջանակներում՝ որպես կայուն զարգացման և կանաչ տնտեսության զարգացման միջոց։ Այս նպատակի իրագործման համար Հայաստան էլեկտրամոբիլների ներկրողները ազատված են 20 տոկոս ԱԱՀ-ի վճարումից։ Բացի դրանից, մինչ այս տարվա հունվարի 1-ը ԵԱՏՄ-ում գործում էր էլեկտրամոբիլների ներկրման զրոյական մաքսատուրք։ 

 

Որպես հիշեցում՝ հայտնենք, որ Հայաստանի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում լրացումների նախագիծն ընդունվեց 2019 թ․ հունիսի 7-ին, որով ԱԱՀ-ից ազատվեցին էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծողները և իրացնողները։ Օրենքով նախատեսված արտոնությունը հետագայում երկարացվեց մինչև 2024 թ․ հունվարի 1-ը։ 2018-2020 թթ. 20-ից ավելի լիցքավորման կայաններ տեղադրվեցին հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մշակվեց լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ: Ներկա պահին դրանք ավելի քան 80-ն են, իսկ 2019-2021 թթ․ արդեն ներկրվել էր շուրջ 5200 էլեկտրամոբիլ։ 

 

էլեկտրամոբիլների ներկրման և շահագործման նպատակի երկարաժամկետ իրագործման համար ԵԱՏՄ կողմից քննարկվում էր երկարաձգել զրոյական մաքսատուրքի արտոնությունը, սակայն Ռուսաստանի նախաձեռնությամբ այս արտոնությունը ավարտվեց 2022 թ․ հունվարի 1-ին։ 

 

Ընդգծենք, որ թեև էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների արտադրություն չկա ԵԱՏՄ և ոչ մի երկրում, սակայն անդամ երկրների կառավարությունների համար ցանկալի է էլեկտրամոբիլների ներկրումը և շահագործումը կամ վերավաճառքը, ինչի համար էլ նախատեսված էր զրոյական մաքսատուրքի արտոնությունը։ 

 

Ռուսաստանն զրոյական մաքսատուրքի արտոնությունը չերկարացնելու որոշումը բացատրում է նրանով, որ ԵԱՏՄ երկրներից և ոչ մեկը հանդես չի եկել արտոնության երկարացման առաջարկով։ Սակայն այժմ ԵԱՏՄ-ում քննարկվում է Բելառուսի առաջարկը էլեկտրական շարժիչով աշխատող թեթև մարդատար մեքենաների զրոյական մաքսատուրքի երկարաձգման վերաբերյալ մինչև 31․12․2023 թ․։ 

 

Շրջակա միջավայրի նախարարությունից Auroranews-ին հայտնեցին, որ Հայաստանը եւս ԵԱՏՄ-ում հանդես է եկել ոլորտի զարգացման վերաբերյալ առաջարկություններով: Օրինակ՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ավելացում, տաքսի մեքենաների ինչ-որ քանակ էլեկտրամոբիլներով շահագործելու պարտադիր պահանջ եւ այլն: Ներկա պահին ԵԱՏՄ-ից ստացվել է ոլորտի զարգացման հայեցակարգ մշակելու առաջարկություն: Աշխատանքները մեկնարկել են, սակայն մաքսատուրքի հետ կապված արտոնության երկարաձգում ամենայն հավանականությամբ այլեւս չի լինելու: Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն ունի մի քանի պատճառ: Նախ՝ Ռուսաստանը խոշոր նավթային գերտերություն է եւ էլեկտրական շարժիչով մեքենաների փոխարեն ունի բենզինային վառելիք օգտագործող մեքենաների լայն արտադրություն։

Քաղաքականություն