Աշոտ Մինասյանի ազատ արձակած դատավորի նկատմամբ իրականացվում է հետապնդում. ՀՀ դատավորների միության նախագահ
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորի դեմ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։
«Մտահոգություն ենք հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,–ասված է Ազարյանի հայտարարության մեջ։
Միաժամանակ, պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Մինասյանի և Գորիսի փողքաղաքապետ Մենուա Հովսեփյանի և նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի քրեական գործերը։
Ըստ Ալեքսանյանի` ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործընթացը փաստացի սկսվեց միայն, երբ վերջինս գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին և Աշոտ Մինասյանին։ Հետևաբար, ըստ նրա, պարզորոշ է, որ նման պարագայում նրա նկատմամբ իրականացվող այդ գործընթացը չի կարող տեղավորվել իրավական ողջամտության մեջ և լինել իրավաչափ։
Նա կոչ է անում փաստաբան գործընկերներին չլռել։
Հիշենենք, որ օրեր առաջ` հունվարի 26-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվեց։
Մինասյանի խափանման միջոց սահմանվեց գրավը և ստորագրությունը չհեռանալու մասին։






























