Սերժ Սարգսյանի կոչը` Սարդարապատից

Սարդարապատի հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը հայոց փառապանծ բանակն է կրելու։ Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ հղած իր ուղերձում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՀ երրորդ նախագահի պաշտոնական կայքը։

 

«Անցած երեք տասնամյակի ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին: Ես հավատում եմ հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին»,– շեշտել է Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։

Նա ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց:

 

Նշվում է, որ առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև Եռաբլուրում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Նշենք, որ այսօր` հունվարի 28–ին, նշվում է Հայոց բանակի կազմավորման 30–ամյակը։

Քաղաքականություն