Կրակել են, երբ անցել է իրենց շարասյունը. Մետաքսե Հակոբյանը` Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցների մասին

 Ադրբեջանական կողմը կրակել է Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ, երբ ադրբեջանական շարասյունն է անցել այնտեղով։ Կրակոցներն այժմ դադարել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

 

Պատգամավորը նշեց, որ թշնամին կոնկրետ գյուղը չի թիրախավորել, բայց այնպես են արել, որ բնակիչները հասկանան՝ իրենց համար դա զգուշացում է։

«Գյուղի շուրջբոլորն են թիրախավորել։ Իրենց շարասյան անցնելու ժամանակ են կրակել։ Նախորդ անգամ Կարմիր Շուկայի երիտասարդներն ադրբեջանական շարասյան անցնելու ժամանակ ճանապարհը փակել էին, հիմա նրանք նախապես սկսել են կրակել, որ զգուշացնեն՝ եթե կրկին փակեն ճանապարհը, արդեն թիրախավորած կկրակեն։ Շարասյունն անցել է և դադարեցրել են կրակոցները»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Վերջինս ընդգծեց՝ ադրբեջանցիներն ինչ ուզում, ինչպես ուզում, անում են։ Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ իրենց թվում է, թե հաղթել են և այնպիսի էյֆորիայի մեջ են, որ չեն կարողանում զսպել իրենց։

 

«Քոչվոր ցեղախումբը հիմա իրեն հաղթած ազգ է զգում։ Միջազգային որևէ ակնկալիք չի հարգում։ Նոր ասում են, որ դպրոցի երեխաները դասամիջոցի ժամանակ բակում խաղալիս են եղել, պատկերացրեք այդ երեխաների վախը։ Նրանք նորից վազում, մտնում են ապաստարան։ Այդ երեխաներն անընդհատ պատերազմի մեջ են։ Սա միջազգային իրավունքի խախտում է։ Այսինքն նրանք այսօր ուղիղ սպառնալիք են մարդու ապրելուն։ Այդ երեխան ամեն վայրկյան կարող է մտածել, որ իրեն կսպանեն»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

ԱՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ երբ մի քանի օր առաջ Կարմիր Շուկայի բնակիչներն ադրբեջանական շարասյան ճանապարհը փակել էին, նրանք որևէ ագրեսիվ բան չէին արել, այնտեղ էին կանգնել առանց զենքերի և պարզապես իրենց պահանջներն էին ասում, իսկ ադրբեջանցիներն այսօր կրակում են՝ հաշվի չառնելով, որ ռուս խաղաղապահներն իրենց շարասյանն են ուղեկցում։

«Այս մասին անպայման պետք է խոսել, անընդհատ ասել, որ միջազգային հանրությունը սա իմանա։ Այսօր ադրբեջանցիները կրակել են այնքան ժամանակ, մինչև շարասյունն անցել է»,-նշեց պատգամավորը։

Քաղաքականություն