«Իմ հրաժարականը չի խոչընդոտի». Արմեն Սարգսյանի նամակը` Ինֆանտինոյին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից հրաժարվելը չի խոչընդոտի իր նախաձեռնած «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնելուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

 

Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում։

Դրանից հետո ՀՀ նախագահը նրան շնորհակալական նամակ էր ուղարկել, որտեղ նշել էր, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել։

Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը ևս մեկ նամակով է դիմել FIFA-ի նախագահին։

 

«Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով: Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղի» հանդիպմանը»,– գրել է Սարգսյանը:

Նա կարծում է, որ այդ նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա ՀՀ–ում սպորտի զարգացման համար։

Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ:

Քաղաքականություն