
Բանտում չեն ծեծում, բայց հոգեպես կոտրում են. Աշոտ Մինասյանը երեկ գիշեր ազատ է արձակվել

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթ»-ն արդեն ազատության մեջ է։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, երեկ Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում է կայացրել։
Դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո համապատասխան փաստաթղթերը ՔԿՀ ներկայացնելուց հետո Մինասյանը երեկ գիշերին ազատ է արձակվել արգելանքից։ ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Մինասյանը նշել է, որ դատարանի որոշումն իր համար սպասելի էր, քանի որ նախկինում ձևավորված փուչիկները պայթեց, դատավարությունն էլ՝ արդարացի եղավ, կարծում է՝ այդպես էլ կշարունակվի։ Մինասյանը հայտնեց, որ պատրաստվում է այցելել Վեհափառին՝ օրհնություն ստանալու, օրը կանցկացնի ընտանիքի հետ, իսկ հունվարի 28-ին կայցելի Եռաբլուր՝ հանդիպելու տղերքին և զոհված տղաներին զեկույց տալու։
Նա նշեց, որ Գորիսի ՔԿՀ խուցերից մեկում պահվում է նաեւ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը. «Կալանավայրերում տանջվում, չարչարվում են, չեմ ասում ծեծում են, չկա այդպիսի բան, բայց կա մեկ ուրիշ բան՝ մարդուն հոգեպես կոտրել: Իսկ դրան ենթարկեցին Մեղրիից՝ Մխիթար Զաքարյանին, Սիսիանից՝ Արթուր Սարգսյանին, Քաջարանից՝ Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուային, եւ բազում տղաների և բոլորի հանդեպ, որոնք դուրս կգան ճշմարտությունն ասելու, ասելու, որ հայրենիքը կործանվում եւ կործանում են այսօրվա իշխանությունները, բոլորին կփակեն, կփորձեն հանձին առաջին դեմքերի կոտրել ամբողջ ժողովրդին: Ժողովրդին ասում են՝ տեսեք, քաղաքապետին չենք խնայել, դեպուտատին չենք խնայել, ձեզ էլ չենք խնայի: Ժողովրդի այն մասնիկը, որը գիտակցում է՝ ինչ է հայրենիքը, կուչ չի գալու, ծնկի չի գալու»,-նշեց նա: