«Հայաստան» խմբակցությունը երկու հարցով դիմել է ՍԴ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Տեղեկությունը հայտնում է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

«Առաջինը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալանավորման ինստիտուտին, «հիմնավոր կասկած» ձևակերպման որոշակիության խնդրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին: Նույն դիմումով վիճարկել ենք նաև կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը»,-գրել է Վարդևանյանը:

 

Երկրորդ դիմումը վերաբերում է ԶԼՄ ոլորտին. վիճարկել են «Գնումների մասին» օրենքի ձևակերպումը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Վարդևանյանը կարծում է, որ նշված կարգավորումը և դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում:

Բացի այդ, պատգամավորը հայտնում է, որ մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, վարորդի համար հայտնի բալային համակարգի տուգանային միավորների վերացման նախագիծը: Վարդևանյանը վստահեցնում է, որ վիճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը ճանապարհային անվտանգության ոլորտում դրական ազդեցություն չի ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173 189 որոշում:

 

Սրան գումարած, աշխատանքներ են տարվում մեկ այլ նախագծի ուղղությամբ. խոսքը նվազագույն աշխատավարձի չափի և ՊՇՌ թեստերի վճարի անհամաչափ բեռի մասին է: Այս մասով պատգամավորը խոստանում է առաջիկայում հավելյալ տեղեկություն տրամադրել:

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքը վիճարկել էր առողջապահության նախարարի հրամանը ՍԴ-ում: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ Covid-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել (թեստը պետք է արված լինի փաստաթուղթը ներկայացնելուց առավելագույնը 72 ժամ առաջ):

Քաղաքականություն