
Ուսանողի աշխատանքը ամբողջությամբ արտագրված է եղել․ դեկանը՝ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու լուրերի մասին

Ինչպես հայտնել էինք, ԵՊՀ ուսանող Մանուել Մանուկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում կատարեց, որով հայտնում էր, որ իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում և իրեն դիտավորյալ հեռացրել են համալսարանից և չեն շնորհել դիպլոմ։
Այտիվիստ ուսանողը մասնավորապես գրել էր․ «ԵՊՀ ն ամբողջությամբ քաղաքականացված է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը։ Ես սովորում եմ ԵՊՀ ի «Միջազգային Հարաբերություններ» ֆակուլտետում և այսօր իմ թեզի պաշտպանության ժամանակ դիտավորյալ ինձ չնշանակեցին, ամբողջ կուրսից միայն ինձ չնշանակեցին, և որևիցե հիմնավոր պատճառ չունեին, գրաքնադատից սկսած, հանձնաժողովի անդամներից վերջացրած՝ ունեին մի խնդիր, որ ինձ չնշանակեն, եթե նշանակեին մի գուցե շատերին հեռացնեին գործից, ԵՊՀ ում վախի և բռնության մթնոլորտ է տիրում։
Հանձնաժողովի անդամները և ղեկավարը իրականացրեցին քաղաքական պատվեր։ Այսպիսի գործողություններով ինձ փորձում են լռեցնել, վախեցնել որ չարտահայտեմ իմ քաղաքական դիրքորոշումը այսօրվա թուրքահպատակ իշխանությունների վերաբերյալ, բայց ինձ ճանաչողները լավ գիտեն, որ նմանատիպ ստոր քայլերով անհնար է ինձ լռեցնել և կանգնեցնել»,-գրել էր ուսանողը։
Auroranews-ը ԵՊՀ «Միջազգային Հարաբերություններ» ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի հետ զրույցում փորձեց հասկանալ՝ արդյո՞ք խախտվել են ուսանողի իրավունքները և ի՞նչ է կատարվել իրականում։
Պետրոսյանը նշեց, որ ուսանողի հետ կապված միջադեպը ճիշտ չի ներկայացվել հանրությանը. «Քաղաքական հետապնդման վերաբերյալ որակավորումը ես համարում եմ անհեթերություն։ Նրա աշխատանքի գրախոսականին դեռ 3 օր առաջ տրվել էր բացասական գնահատական, սակայն մենք քննարկեցինք մեր աշխատակազմով և որոշեցինք ուսանողին տալ պաշտպանվելու հնարավորություն։ Պաշտպանության ժամանակ նա ապացուցեց, որ ի վիճակի չէր ներկայանալ այնպես, ինչպես կարգն է և երբ մենք գրականագետի հետ քննարկում էինք ստեղծված իրավիճակը՝ պարզվեց, որ աշխատանքն ամբողջությամբ արտագրված է։ Ես այսքան կարճ կարող եմ նկարագրել տեղի ունեցածը»,-ասաց դեկանը։
Դեկանը նշեց, որ իր խոսքերն ամբողջությամբ ապացուցելի են և ԵՊՀ-ն կարող է տրամադրել տեսաձայնագրություն ուսանողի ելույթից։
«Բացասական գրախոսական աշխատանքից հետո մենք զգուշացրել ենք, թե ինչ դիտողություններ են լինելու և ասել, որ պատրաստվեն՝ ներկայանալի լինելու համար։ Նա չի հաղթահարել, չեմ հասկանում այս հիստերիայի պատճառը։ Պաշտպանություն է և չի կարողացել հաղթահարել, վե՛րջ»,-նշեց Պետրոսյանը։