
Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանի մահվան իրական հանգամանքները ՔԿ-ն թաքցնում է․ «Փաստինֆո»

Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանի սպանությունից անցել է մեկ ամիս, սակայն նրա մահվան իրական հանգամանքները շարունակվում են մնալ չպարզված․ նախաքննական մարմինը դեռևս չի հստակեցնում՝ ի վերջո որտեղ է սպանվել զինծառայողը և ինչ հանգամանքներում, անգամ չի հստակեցվում՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է գլխի, թե կրծքավանդակի շրջանում։
Հիշեցնենք, որ ՊԲ-ն 2021թ դեկտեմբերի 5-ին պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 21.20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002թ ծնված Գոռ Մարտիրոսյանը։ Նույն աղբյուրը նաեւ նշել էր, որ զինծառայողը վիրավորումն ստացել է դեռևս չպարզված հանգամանքներում, իսկ օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ զինվորն սպանվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով եւ քրեական գործը հարուցվել էր հենց այդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետ)։
Նախաքննական մարմնից նաև տեղեկացրել էին, որ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում՝ Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, որտեղ Գոռը և ընկերը շարժ են նկատել, Գոռ Մարտիրոսյանն ընկերոջն առաջարկել է վերադառնալ, իսկ ինքը մնացել է, սկսել են կրակել, եւ ինքն էլ արձակել է 15 կրակոց, իսկ մահացու վիրավորումը ստացել էր գլխի շրջանում, մինչդեռ, Գոռի հարազատներն այս վարկածին չեն հավատում Նրանցից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Գոռը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքավանդակի շրջանում՝ կրծքից երկու-երեք մատ վերև, ընդ որում, բավականին մոտ հեռավորությունից, այնքան մոտ, որ մաշկն այրվել է, փամփուշտը թիկունքից դուրս է եկել, վերքը վարդի տեսքով էր՝ գրեթե բռունցքի չափով։
Լրատվականը դեռևս տարեմուտին գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե ի վերջո, որ երկրի վերահսկողության ներքո գտնվող տարածքում է տեղի ունեցել դեպքը՝ Ադրբեջանի, Հայաստանի, թե Արցախի, դիակի արտաքին զննությամբ քանի՞ վնասվածք է արձանագրվել և մարմնի ո՞ր հատվածում։ Ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե քանի կրակված պարկուճ է հայտնաբերվել դեպքի վայրում, արդյոք փոխհրաձգության հատկանիշներ եղել են, թե ոչ, արդյոք հարցաքննվել են Մարտիրոսյանի համածառայակիցները, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահ զորախմբի ծառայողները։ Այսպես, մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Գ․ Մարտիրոսյանին տուժող ճանաչելու, իսկ վերջինիս հորեղբորը տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, կատարվել են զննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են հարցումներ, որոշումներ են կայացվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին, որոշումներ են կայացվել դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր, դատագենետիկական, դատատոքսիկոքիմիական, դատաբջջաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունը դեռևս չեն ստացվել։
«Միաժամանակ հայտնում եմ, որ քրեական գործով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, ուստի նախաքննության գաղտնիությունից ելնելով ներկայումս վերոնշյալ դեպքի կապակցությամբ այլ տեղեկություններ տրամադրել հնարավոր չէ»,- նշել են ՔԿ-ից։
Եթե չեզոք գոտում է եղել դեպքը կամ հակառակորդի գնդակին, ապա որտեղ են եղել խաղաղապահները, ինչու այդ մասին նշում անգամ չի եղել խաղաղապահներին տեղեկատվական թերթիկներում, ինչու Արցախի ՊԲ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես չի եկել ու ինչու է ՔԿ-ն չի ներկայացնում ապացույցները։ Ի վերջո ամիսներ պետք չեն հասկանալու համար, թե ինչ տեսակի զենքից է արձակվել կրակոցը։ Իսկ եթե զինվորի մահը հետեւանք չէ հրադադարի խախտման, ապա Քննչական կոմիտեն պետք է պարզաբանումներ ներկայացնի ԶԼՄ-ներին կեղծ տեղեկություններ տրամադրելու եւ զինվորի մահվան հանգամանքները հանրային դաշտում աղավաղելու համար։