Օրվա լրահոս

Արձանները մեր եկեղեցու ավանդույթին հարիր չեն, բայց այդ թեմայի առնչությամբ  ամբողջական տեղեկատվությամբ կարձագանքեք առաջիկայում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ տարածված այն հայտարարությանը, որ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվում:

«Մայր Աթոռը կքննարկի այդ հարցը, և հաղորդագրություն կտարածենք։ Կարող եմ ասել, որ այդ հարցի շուրջ քննարկում չի եղել»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրատվականի հետ զրույցում անհասկանալի եւ անընդունելի համարեց գաղափարը՝ նշելով, որ արձանի տեղադրումը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթին:

«Չգիտեմ՝ ինչ նպատակով է դա արվում։ Մանավանդ այս օրերին այդպիսի ծրագիր իրականացնելն ըմբռնելի չէ ինձ համար։ Որքան էլ սիմվոլը լինի մեր տիրոջ խորհուրդը, այդտեղ խորհուրդ էլ չկա: Ի՞նչ նպատակով է դա արվում, այսօր մենք առաջնային շատ խնդիրներ ունենք լուծելու՝ այդ թվում սահմաններին վերաբերող»,- նշեց Սրբազանը։

Վերջին նորություններ