
Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Փարաքարում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այսօր Փարաքարում պիտի տեղի ունենար քաղաքապետի ընտրություն, սակայն ավագանու նիստը այս անգամ էլ է տապալվել։
Ավագանու նիստից առաջ համայնքապետարանի դիմաց բախում տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության անդամների և ոստիկանների միջև, որի հետևանքով մի քանի հոգի ուշագնաց են եղել։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամները ավագանու նիստից ուշացել էին և ՔՊ-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը սկսել էին նիստը, քանի որ ավագանու 21 անդամներից 11-ը ներկա էին։ Նիստի ժամանակ ուշացած ներս են մտնում «Ապրելու երկիր» կուսակցության անդամներն ու ասում, որ ուշացել են, որովհետև նրանց առաջ փակել էին համայնքապետարանի դռներն ու խոչընդոտում էին ներս մտնելուն։ Դրանից հետո թեժ բանավեճ սկսվեց ավագանու անդամների մեջ և նիստը ընդմիջվեց։
Այս ընթացքում ահազանգ էր եղել, որ շենքում ռումբ կա, սակայն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների որոնողական աշխատանքների արդյունքում ոչինչ չհայտնաբերվեց։