
Ալմաթիում զոհերի և վիրավորների մասին տեղեկություն է հայտնել Տոկաևը

Ալմաթիում ահաբեկչական գործողությունների հետևանքով հարյուրավոր քաղաքացիական և զինվորական անձինք են զոհվել ու վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ավազակների ձեռքից տուժել են ոչ միայն վարչական շենքերը, այլև քաղաքացիական անձանց անձնական ունեցվածքը։ Էլ չենք խոսում հարյուրավոր քաղաքացիական անձանց և զինվորականների կյանքի ու առողջության մասին»,-նշել է Տոկաևը բնակչությանն ուղղված իր կոչի ժամանակ։
Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը: