Փակ հանդիպման առաջարկը մերժելը ցույց է տալիս, որ ընդդիմությունը միտված չէ տեղեկանալու իրավիճակից․ Արշակյան

Վարչապետի հետ փակ հանդիպման առաջարկը մերժելը ցույց է տալիս, որ ընդդիմությունը միտված չէ տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հանդիպման առաջարակը մերժելուն։ 

 

«Այսօր տեղեկացանք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկը։ 

 

Նախ ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նույն ընդդիմադիր պատգամավորների կողմից բազմիցս նշվել է Վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Այս նպատակով նրանց կողմից նախաձեռնվել է ԱԺ արտահերթ նիստ։ Այնուամենայնիվ, ստանալով փակ քննարկման հնարավորություն, անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են հանդիպման առաջարկը։ 

 

Պատճառաբանությունը, թե իբր բաց քննարկման անհրաժեշտություն կա` անհիմն է, հաշվի առնելով, որ ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ նման քննարկում, հարց֊պատասխանի ֆորմատով, տեղի է ունենում։ Նման բաց ֆորմատով սակայն, հասկանալի պատճառով, բանակցային պրոցեսի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել։ 

 

Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստա» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին` ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին, ինչպես նաև միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին` ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են Ազգային Ժողով և աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։ 

 

Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից և հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված կերպով հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը և նպատակը»,- գրել է Արշակյանը։