ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը վատ երազներում է տեսնում Ռոբերտ Քոչարյանին. պատգամավոր

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն, անդրադառնալով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացին, նշեց, թե ցավում է, որ ԱԺ ամբիոնից հերթական անգամ իշխանության կողմից ներկայացվեց այն, ինչն, իր գնահատամբ, մանիպուլյատիվ ձևով ներկայացվել է վերջին 3 տարիներին:

Նա հիշեցրեց ՌԴ արտգործնախարարության՝ օրերս տարածած հայտարարությունը. «Բառացի եկեք նշենք, հայերեն պատշաճ թարգմանություն կա: Երկու շրջանները վերադարձվում էին Ադրբեջանին կամ քննարկվում էր այդ հարցը, ինչը պետք է ուղեկցվեր ԼՂ կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ: Ասել, թե սա նշանակում է տալ 7 շրջան ոչնչի դիմաց, դա ուղղակի մանիպուլյացիա է, դա ուղղակի ճշմարտությունից խուսափելու հարց է: Կարգավիճակի պարտադիր կապակցումը կարգավիճակի պարտադիր կապակցումն է, դա ինչ-որ բարդ միտք չէ: Դա նշանակում է, որ մինչև կարգավիճակը չլուծվի, այն երկու շրջանի հարցը ոչինչ չի լինելու: Բացի դրանից, այդ հայտարարության մեջ էլի հետաքրքրիր բաներ կային. ասվում էր, որ 5 շրջանից հետո խաղաղապահ զորքեր են տեղադրվում. այն, որ հիմա կա, բայց այդ 7 շրջանը չկա, դեռ ավելին, Շուշի և Հադրութ էլ չկան»:

Արամ Վարդևանյանը հայտարարեց, թե Ազգային ժողովի ամբիոնը «Perfect TV»-ի մակարդակի մտքեր արտահայտելու ամբիոն չէ:

 

«Եթե խոսում եք Ռոբերտ Քոչարյանի մասին, բոլոր դեպքերում մի քիչ ֆանտազիայի ծավալն էլ պետք է տրամաբանություն ունենա: Մենք խոսում ենք այն մարդու մասին, որից, եկեք բոլորդ էլ ձեր խիղճը մի քիչ թեթևացրեք ու ընդունեք, որ հաստատ Ալիևը վատ երազներում է տեսնում», - ասաց Վարդևանյանը:

Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից օպերատիվ կապը պահում է, գաղտնի բանակցություններ է անում ու 2020 թվականի մայիսի 8-ին էլ Քոչարյանին կալանքի տակ է պահում:

«Արցախն էլ բանակցություններից դուրս է թողնում», - ռեպլիկ թողեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա Արամ Վարդևանյանին ասաց, թե, գուցե, իրավական հարցերով բավականին տեղեկացված է, բայց պետք չէ մտնել բանակցային մանրուքների մեջ:

«Որովհետև այդտեղ ջախջախիչ պարտություն կկրեք, որովհետև առնվազն երկու շրջան ասելիս մի մոռացեք, որ այդ երկու շրջանն Արցախի սահմանադրությամբ հանդիսանում է Արցախի տարածք և այլն, և այլն: Կարգավիճակի մասին խոսելիս խնդրում եմ տեսեք, թե արդյոք այնտեղ կար որևէ հստակ բան ու, վերջիվերջո, բա որ ամեն ինչ այդքան լավ էր, բա ինչու չարեցիք դուք», - նշեց ԱԺ նախագահը: