Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է. Տարոն Սիմոնյան

ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.

«Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի  միջանյալ միջոցներ կիրառելու այսօրվա որոշումների մասին՝
 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ընդդեմ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝
.ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,

.կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
. կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,

.ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:


ԱԴՐԲԵՋԱՆՆ ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝
.կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
.ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է։

Ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։
Դե ինչ։ Համարենք սա մեր պրոֆեսիոնալ թիմի հաջողությունը և նորից լծվենք կազմակերպված ու թիրախային աշխատանքին։

Հ․Գ․  Առաջնային է դառնում նույն Դատարանում Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային իրավական գործընթաց սկսելը»։

Քաղաքականություն