Շփման գծի երկայնքում ապրող մարդիկ պետք է կարողանան զենք ձեռք բերել. Մետաքսե Հակոբյան
Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ArmDaily.am-ի հետ զրույցում, պատասխանել մեր հարցին այն մասին, թե Ճարտարի բնակչի առևանգումն ու սպանությունը ադրբեջանցի զինվորականների կողմից հիմա չի հանդիսանում, որպեսզի մարդկանց զենք բաժանեն՝ Հակոբյանն ասաց, որ ԱՀ խորհրդարանն այս պահին փոփոխությունների է ենթարկում զենքի կրման մասին օրենքը:
«Մենք հիմա զենքի մասին օրենքում փոփոխություններ ենք անում, որով ավելի հեշտացվում է բնակիչների զենք ձեռք բերելու գործընթացը: Եվ բացի այդ, մեր խմբակցությունը առաջարկ է արել և նախնական, կարծես թե, ընդունել է առաջարկը, որ շփման գծում գտնվող բնակավայրերի բնակիչներին սուբսիդավորմամբ, ինչ-որ մի ձևով փոխհատուցվի և մարդիկ կարողանան ձեռք բերել զենքը: Երևի թե ինչ-որ մի տեղ լուծում կլինի այդ խնդրի համար»,-ասաց Հակոբյանը:
Ինչ վերաբերվում է 65-ամյա մարտունեցու դաժան սպանությանը, Հակոբյանն ասաց, որ ադրբեջանցիները ցանկացած առիթ օգտագործելու են, որպեսզի նմանատիպ բաներ անեն և սա միտված է խուճապ, վախ, սարսափ առաջացնելու, որպեզի ինչքան հնարավոր է շուտ ժողովուրդը լքի Արցախը:
«Մասամբ դա իրենց հաջողվում է, որովհետև կան մարդիկ, ովքեր չեն դիմանում այդ լարվածությանը: Եվ ցավն էլ նրանում է, որ իշխանությունները պիտի կարողանան այնպես անել, որ դա կանխվի, խուճապ չառաջանա նմանատիպ դեպքերում, որովհետև մենք նաև պիտի գիտակցենք, որ այն իրավիճակում, որ մենք ենք հիմա՝ դավադիր թշնամուց ամեն ինչ սպասելի է, որովհետև թուրքին նոր չի կամ այս պատերազմից հետո չի, որ պիտի ճանաչենք: Հատկապես Արցախում բնակվող հայերը շատ լավ գիտեն թուրքի պահվածքը ինչպես է եղել այն տասնամյակների ընթացքում, որ ստիպված են եղել կողք կողքի ապրել: Սա եթե ընդհանրացնենք, ուղղակի պետք է այնպիսի միջոցներ կիրառեն մեր իշխանությունները, վերջերս քննարկում էինք այդ միջոցները, ունեն տարբերակներ՝ ես չեմ մանրամասնի դրանք անվտանգային հարցերից ելնելով, երևի թե դա ինչ-որ մի տեղ կթեթևացնի ստեղծված իրավիճակը: Բայց ուշացել են, դա պետք է փաստել, դա պետք է արվեր եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո, ոչ թե նոր պիտի սկսեին մտածել, թե 2022 թվականից ինչպես սկսեն իրականացնել այդ գործընթացը»,-ասաց արցախցի պատգամավորը:
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ այսօր խնդիր ունենք ոչ միայն այն առումով, որ թշնամին կարող է մտնել մեր տարածք ու առևանգել մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին, այսօր լուրջ խնդիր է նաև շփման գծին հարող հողատարածքները, որոնք մեր վերահսկողության տակ են, բայց գյուղացիները արդեն իսկ վախենում են այնտեղ որևէ աշխատանք տանել: Եվ ըստ էության՝ մենք զրկված ենք այդ հնարավորությունից, հիմա զրկվում ենք նաև այն հողատարածքները մշակելու հնարավորությունից, որոնք մեր վերահսկողության տակ են:
«Ամեն ինչ սպասելի է թշնամուց, որ ինքը կմտնի ու թեկուզ հեռվից կսպանի խաղաղ հողագործին կամ կառևանգի անասուններին, ինչպես որ եղել էր նաև այս սպանված հովվի դեպքում: Ես այսօր հնարավորություն եմ ունեցել հարց տալու նաև Պաշտպանության բանակի պաշտոնյային՝ Կարմիր Շուկայի հետ կապված դեպքերի ու ընդհանրապես մեզ սպասելիքների, չեմ ուզի դա շատ մեկնաբանել, որովհետև իրականում իրենք ևս Արցախի անվտնագությանը վերաբերող հարցեր են»-ասաց Հակոբյանը:
Նա շեշտեց, որ միակ անհանգստացողն բանն այն է, որ ամեն ինչի վերահսկումը իրականացնում է ՀՀ ներկայիս վարչապետը, ով տարավ մեզ պարտության, սակայն մեր բանակը կատարում է իր վրա դրված գործառույթները: