Քաղաքականություն

Հայաստանի պետպարտքը մտահոգիչ չէ, սակայն խորհուրդ չի տրվում նոր վարկ վերցնել

Հայաստանի պետպարտքը մտահոգիչ չէ, սակայն խորհուրդ չի տրվում նոր վարկ վերցնել

Հայաստանի ներկայիս պարտքի կայունությունը մտահոգություն չի առաջացնում, Եվրասիական երկրորդ կոնգրեսի շրջանակում պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին`այս մասին ասաց Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը։

 

«Համավարակի դեմ պայքարի համար զգալիորեն ավելացվել էր պետական պարտքի մակարդակը։ Մեր մոդելները (Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի,–խմբ.) ցույց են տալիս, որ մինչև 2026 թվականը ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կնվազի (5 տարվա ընթացքում 1,5%–ով) համախառն արտադրանքի աճի հաշվին։ Հայաստանի պարտքի կայունությունը լուրջ մտահոգություններ չի առաջացնում», – ասաց Վինոկուրովը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, նույնիսկ մինչև 2026 թվականը պետական պարտքի մակարդակն ավելի բարձր կլինի, քան եղել է համավարակից առաջ (57,2% 2019 թվականի 53,7%–ի դիմաց)։

Հայաստանն անցած տարի վարկ էր վերցրել կապիտալի շուկաներում մինչև ՀՆԱ–ի 3,8-3,9%–ի չափով։ Սա շատ հաջող տոկոսադրույք է, այդ առումով ֆինանսական և դրամավարկային իշխանությունները «ծափերի են արժանի»։

 

Բացի այդ, վարկ էր վերցվել ԱՄՀ–ից բարձր արտոնյալ տոկոսադրույքով։ Արտոնյալ և շուկայական պայմաններով ռեսուրսների այս «միքսն» ընդունելի է։

«2022-2024 թվականներին վարկերի գծով մարումները կկազմեն միջինում ՀՆԱ–ի 5,9%, ինչն ընդհանուր առմամբ ընդունելի է... Այնուամենայնիվ, պարտքերի հետագա ավելացումը պետք է մեծ հարցականի տակ դրվի», – ասաց Վինոկուրովը։

Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերի տվյալներով` Հայաստանի պետական պարտքը հասել է 9.2 մլրդ–ի։

Եվրասիական երկրորդ կոնգրեսն անցկացվում է Մոսկվայում դեկտեմբերի 2-ին, կազմակերպիչը Եվրասիական զարգացման բանկն է` ՌԴ կառավարության աջակցմամբ։

Այս տարի կոնգրեսի շրջանակում քննարկման հիմնական թեմաններն են դարձել բիզնեսի, ԵԱՏՄ+–ի ներուժի բացահայտմանն ուղղված զարգացման և պետական-մասնավոր ինստիտուտների գործընկերության դերի բարձրացումը, տրանսպորտի և լոգիստիկայի, ջրային և էներգետիկ համալիրի, պարենային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային ենթակառուցվածքային միջպետական նախագծերը, կայուն զարգացման նպատակներին հասնելու բնագավառում առաջնահերթ հարցերը, «կանաչ» ֆինանսավորման մեխանիզմները և ESG–նախագծերը, ինչպես նաև պետությունների թվային տրանսֆորմացիան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250