Ավստրիայում ձախի փոխարեն անդամահատել են պացիենտի աջ ոտքը

Ավստրիայի Լինց քաղաքի դատարանը 2700 եվրոյով տուգանել է կին վիրաբույժին՝ ձախի փոխարեն հիվանդի աջ ոտքը սխալմամբ անդամահատելու համար, իսկ սխալը բացահայտվել է միայն երկու օր անց: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: 
 

Որոշվել է նաև 5000 եվրոյի չափով փոխհատուցում տրամադրել մինչ դատավարությունը մահացած պացիենտի այրուն: 

 

82-ամյա տղամարդը (նրա անունը, ինչպես նաև վիրաբույժի անունը չի նշվում) այս տարվա մայիսին ընդունվել էր Ֆրայշտադտի հիվանդանոց, որտեղ պետք է ամպուտացնեին իր ձախ ոտքը: 
 

Սխալը բացահայտվել է միայն երկու օր անց վիրակապման ժամանակ, երբ հիվանդին հայտնել են, որ նա կրկին անդամահատվելու է։ Այնուհետև հիվանդանոցի ղեկավարությունն ասել է, թե դեպքը տեղի է ունեցել «անբարենպաստ հանգամանքների բերումով», իսկ գլխավոր բժիշկը հրապարակավ ներողություն է խնդրել։
 

Այնուամենայնիվ, գործը հասել է դատարան, որտեղ վիրաբույժը հայտարարել է, որ սխալի պատճառը վիրահատարանում գործողությունների բուն սխեմայի թերություններն են եղել։ Միևնույն ժամանակ, երբ նրան հարցրել են, թե ինչու է ձախ ոտքի ամպուտացիայի համար մատնանշել աջ ոտքը, նա պատասխանել է՝ «Չգիտեմ»։

Քաղաքականություն