
Ոչ միայն անարդար և պատժիչ, այլև՝ անարդյունավետ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ճանապարհորդական սահմանափակումների մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիսը «անարդար» է անվանել նոր սահմանափակումների ներդրումը` կապված կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ։ Այս մասին գրում է Интерфакс-ը:
Չորեքշաբթի Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում նա նշել է, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով հաջորդած ճանապարհորդական արգելքները «ոչ միայն անարդար և պատժիչ են, այլև անարդյունավետ»:
Նա իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ սահմանափակումները մեկուսացնում են որոշ տարածաշրջաններ և ամբողջ երկրներ։
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Փորձագետները կարծում են, որ այն կարող է վտանգ ներկայացնել, քանի որ ավելի արագ է տարածվում, քան մյուս շտամները և պարունակում է մեծ թվով մուտացիաներ։