
ԱՄՆ-ում Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքն է գրանցվել

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին:
Նշվում է, որ վիրուսը հայտնաբերվել է Կալիֆորնիայում՝ Հարավային Աֆրիկայից ժամանած ճանապարհորդի մոտ, որը պատվաստված է եղել: Նա ծանր ախտանշաններ չունի, ինքնամեկուսացման մեջ է, իր հետ սերտ շփում ունեցած բոլոր անձանց ՊՇՌ թեստը բացասական է եղել:
Covid-ի նոր տարբերակով վարակվելու առաջին դեպք գրանցվել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ինչպես հայտնում է Էմիրությունների WAM գործակալությունը՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով, հիվանդությունը հայտնաբերվել է աֆրիկացի մի կնոջ մոտ, որն Էմիրություններ է մեկնել արաբական այլ պետություններից մեկի միջոցով: