Սնունդ ու հիգիենիկ պարագաները բաժանվել է միայն արցախցիներին. Վարդենիսի քաղաքապետը` օգնության տեսքով կաշառք բաժանելու մասին

Երեկ անդրադարձել էինք Վարդենիսում սոցիալական փաթեթների բաժանմանը: Մեզ լուսանկար էին ուղարկել, որում երևում էր Մշակույթի տան հետնամասում օգնություն ստացողների հերթը, գրում է «Հրապարակը»:


Վարդենիսի բնակիչներն էին ուղարկել «Հրապարակին» լուսանկարը, պնդելով, որ ՏԻՄ ընտրությունից առաջ տեղահանված արցախցիների անվան տակ ալյուր, բրինձ ու ձեթ են նվիրում նաև Վարդենիսում գրանցված և ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին: 

Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ ցուցակի առաջին համար Արամ Մելքոնյանը մեզ ասաց, որ չգիտի, թե ինչ օգնության մասին է խոսքը, իսկ նրա խորհրդական Ռոբերտ Ստեփանյանն էլ  վստահեցրեց, որ սնունդ ու հիգիենիկ պարագաներ են, բաժանվում միայն Արցախից տեղահանվածներին, որոնք ընտրության իրավունք չունեն:

 «Բա եթե արցախցիների համար ա մենակ, մինչեւ հիմա ինչո՞ւ չէին անում», - հակադարձում էր հերթը լուսանկարող բնակիչը: 

Վանդենիսի քաղաքապետ, իշխանական թիմի քաղաքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը երեկ կրկին կապ հաստատեց մեզ հետ, հերքելով իր բնակչի ներկայացրած տվյալները: 

 

Նա ասաց, որ փախստականներին պարբերաբար 45 օրը մեկ ֆուռով բերել են օգնություն, մշակույթի պալատում փաստաթղթով հատկացված, որտեղ տարբեր կառույցներից եկող օգնությունը տեղավորելու համար սենյակ են հատկացրել: 

«16, կամ 17-րդ անգամն է, որ այդտեղից օգնություն են տալիս արցախցի փախստականներին: Այն գալիս է տարբեր պետական կառույցներից, բարեգործականներից, և հասցեավորված բաժանվում է փաստաթղթով, ամեն ինչ գրանցվում է: Ես վստահ եմ, որ Վարդենիսի ոչ մի բնակիչ, ընտրող այն չի ստացել: Այդ օգնության հետ անպայման անվանացուցակ է գալիս: Մենք 44-օրյայից հետո 200-ից ավելի արցախցի ունենք և բոլոր օգնություն ստացողները պատշաճ գրանցվել են»:

 

Քաղաքապետը նեղսրտել է մեր նյութից: «Կին կա, դուռը պոկվել, ընկել է տան վրից, հիմա ես մարդ չեմ կարողանում ուղարկել, որ սարքեն, որ չասեն՝ քաղաքապետը կաշառք է բաժանում: Ինձ ժողովուրը լավ ճանաչում է, վստահում է, խնդրում եմ՝ հարցրեք ժողովրդից, տասը տոկոսը կարող է, դժգոհ են, չեմ ժխտում, բայց համոզված եմ, հանրապետության համայնքներում այդքան գործ չեն արել, ինչքան որ Վարդենիսում: Փաստաթղթով, մեկ առ մեկ, ամեն ինչ բաժանվում է: Ամեն ինչի համար, ինչ որ Վարդենիսում կատարվում է, ես գլխով տեր եմ, եթե մի բան նկատեք, դիմեք դատախազություն», - ասում է Արամ Մելքոնյանը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ