Դավիթ Շահնազարյանը ներկայացնում է Սոչիում ստորագրված փաստաթղթի վտանգները

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում ստորագրած փաստաթուղթը Հայաստանին բացարձակապես ձեռնտու չէ, այն ձեռնտու է Հայաստանի ներկայիս ղեկավարին՝ կապիտուլյանտին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ 

Գործող վարչապետը երբեք չի ներկայացրել ու չի ներկայացնում Հայաստանի շահերը։ Եռակողմ հանդիպման ժամանակ, գործող վարչապետն օգտագործեց պահվող եւ պատանդներ տերմինները, ռազմագերիներ տերմինը չօգտագործեց։ Ավելին՝ ինքը Ալիեւին լրացրեց ու ասաց, որ բոլոր կետերը չէ, որ կատրաված են,  այս կետը նույնպես կատարված չէ։ Հայտարարության մեջ ասվում էր  2020թ․-ի նոյեմբերի 9-ի եւ 2021 թ․-ի հունվարի 11-ի հայտարարությունների չկատարված կետերի մասին, այնուհետեւ թվարկվում են այդ կետերը, այնտեղ ոչինչ դրա մասին չկար։ Ադրբեջանի բոլոր պահանջներն այստեղ (նկատի ունի երեկ ստորագրված փաստաթղթում,-խմբ․) արտացոլված են»,- ասաց Դավիթ Շահնզարյանը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը, Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները փաստաթուղթ են ստորագրել, որով ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է ստեղծվի  սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով։ 

Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ գործող իշխանությունները հայտարարում են, թե միջանցք չի լինելու, բայց կողմ են, որ Ադրբեջանն ու Նախիջեւանը կապվեն։ 

«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս պայամաններում կամ առաջիկայում, ինչպես ինքն է ասում ՝ ադրբեջանական բեռնատարն անցնում է Հայաստանի մաքսակետը, այնուհետեւ Հայաստանի տարածքով 40-50 կմ ազատ անցնում է եւ մյուս մաքսակետից դուրս է գալիս։ Երբ, ես ասում եմ, որ հաղորդակցության միջոցներին կողմ եմ, դրանք կարող են լինել միայն ու միայն միջանցքներ, այսինքն՝ այլ ուժեր, ոչ ՀՀ-ն, պետք է ապահովի այդ ճանապարհների անվտանգությունը։ Անհնար է, որ ադրբեջանական մեքենան անցնի Հայաստանի տարածքով ու Հայաստանն ապահովի դրա անվտանգությունը։ Երբ ինքն ասում է՝ միջանցքներ չեն լինելու, լինելու են ճանապարհներ, դա հերթական կեղծիքն է։ Այս վիճակում չեն կարող լինել անցողիկ ճանապարհներ Ադրբեջանի համար, որի անվտանգությունը չի ապահովվելու այլ ուժերի կողմից, մոռացեք այդ մասին»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը։ 

«Խաղաղություն չի կարող լինել, եթե պատրաստ չես պատերազմելու, ես չեմ ասում՝ պատրաստ չես պատերազմի, ասում եմ՝ պատրաստ չես պատերազմելու»,-ասել է Դավիթ Շահնազարյանը։ 

Նրա խոսքով՝  նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված եռակողմ փաստաթղթում ոչինչ չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքներից։ 

«Իր ասած 41 ք/կմ-ն իրականում երկու անգամ ավելին է, եւ չկա պահանջ, որ մինչեւ ադրբեջանական զինված ուժերը դուրս չգան, դելիմիտացիայի մասին ոչ մի խոսք չի կարող լինել։  Կառավարության նիստում Փաշինյանն օգտագործեց ագրեսիա արտահայտությունը, ինչը չասաց ԵԱՏՄ նիստին, կամ էլ Սոչիում հանդիպման ժամանակ, ընդամենը կիրառեց ներխուժում բառը եւ հիմա հույսը դրե՞լ է միջազգային հանրության վրա։ Եթե միջազգային հանրության վրա ես հույսդ դրել, ուրեմն Բրյուսելում այդ հարցը պետք է բարձրացնես, պետք է բարձրացնես նաեւ ռազմագերիների, Ադրբեջանի կողմից վարձկանների, ֆոսֆորային ռումբեր օգտագործելու հարցերը»,-ասել է Դավիթ Շահնազարյանը։ 

Ըստ նրա՝ իշխանությունները թուլացրել են Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում․«Եթե դու թույլ ես, դաշնակիցներդ դա քեզ չեն ներում, բարեկամներդ քեզ չեն հիշում,  իսկ թշնամիները քեզ չեն խնայում։ Կարեւորագույն խնդիրը, որ այսօր կա նաեւ, դա Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումն է, ինչը քլունգն առած շարունակում է քանդել կապիտուլյանտը»։ 

Դավիթ Շահնազարյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նոյեմբերի 10-ին Թուրքիայի խորհրդարանը որոշել է եւս մեկ տարով երկարաձգել թուրքական զինուժի ներկայությունն Ադրբեջանում։ 

«Մի քանի փորձագետներ գրեցին, որ խոսքը վերաբերում է Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնին, բայց դրան չի կարող վերաբերել, որովհետեւ այնտեղ  զինուժ չկա, այնտեղ ընդամենը մի քանի տասնակ սպաներ են։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանում այսօր թուրքական զինուժ կա, եւ չեմ բացառում, որ թուրքական զինուժ կա նաեւ Նախիջեւանում։ Ունեմ այդպիսի տեղեկություններ, որ այս ամեն ինչը կա։ Այն, ինչ այսօր կատարվում է, դա կապիտուլյացիայի շարունակությունն է, մեր պետականության՝ կազմաքանդումը»,-նշել է Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ Սոչիում ստորագրված եռակողմ փաստաթուղթը ամբողջությամբ Ադրբեջանի նպատակներին է համապատասխանում։ 

«Երբ դելիմիտացիայի հանձնաժողովները ստեղծվեցին, դա նշանակում է՝ նաեւ ըստ միջազգային իրավունքի, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին հարցն է։ Ըստ էության, Փաշինյանն իր վերջին հարցազրույցում բացահայտ այդ մասին ասաց։ Այսինքն՝ տարանջատվում է Լեռնային Ղարաբաղի հարցը, եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Իմ տեղեկություններով, ՀՀ պաշտոնատար անձինք այլ երկրների պաշտոնատար անձանց հետ հանիդպելիս, հենց այդ ձեւակերպումներն էլ տվել են, որ դրանք լրիվ առանձին հարցեր են»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ շարունակելով ներկայացնել այն վտանգները, որոնք ըստ նրա՝ քաղաքական ու փորձագիտական դաշտը խորությամբ չի պատկերացնում։ 

«Այն զարկերակը, որը կապում է Սյունիքին Երեւանը, այդ զարկերակի 21-րդ կմ-ն եւ ներքեւի հատվածը հանձնված է Ադրբեջանին, ընդ որում՝ դրանք մեր տարածքներն են։ Դրանք հանձնվել են Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ, որն իրավական մի գնահատական ունի՝ պետական դավաճանություն։ Եթե հետագայում կապիտուլյանտը հայտարարեց, թե ինքն  է այդ հրահանգը տվել, դա չի նշանակում, որ ստորագրողը պատասխանատվությունից ազատվում է։ 

Երրորդ վտանգն այն է, որ մենք կորցնում ենք Տիգրանաշենը, որտեղ լինելու են ադրբեջանական մաքսակետեր։ Հիշո՞ւմ եք իր վերջին հարցազրույցում Փաշինյանն ասաց՝ թող բերեն իրավական փաստաթղթեր անկլավների վերաբերյալ։ Այսինքն՝ կորցնելու ենք հյուսիսի (Տավուշի,- խմբ․) մի քանի մեծ բնակավայրեր, եւ Ադրբեջանը հնարավորություն է ստանալու իր մաքսակետերը դնել մեզ Վրաստանին կապող ճանապարհի վրա։ 

Մյուսը՝ 1992թ.-ի հուլիսին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք, որով արգելվում է, որ Հայաստանի որեւէ պաշտոնատար անձ ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, որտեղ Արցախը նշված է Ադրբեջանի կազմում։ Ես այդ նիստին մասնակցել եմ, ելույթ եմ ունեցել։ Դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումը այս նույն փաստաթուղթն է, որն իր նպատակն ունի։ Ես 2018-ից ասել եմ, որ սա դրսից ձեւավորված իշխանություն է, որը սպասարկելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, եւ ըստ էության իրեն  իշխանության են բերել «իշխանություն՝ Արցախի դիմաց» բանաձեւով։ Արցախն ընդամենը իրենց առաջին ճաշատեսակն էր, հիմնական ճաշատեսակը Սյունիքն է, որը հիմա կատարվում է»,-նշել է Դավիթ Շահնազարյանը։