
«Հայփոստ»-ը և նախարարությունը մեկնաբանում են չպատվաստվածների մուտքը «Հայփոստ» արգելելու մասին լուրը

Լրատվականներից մեկն այսօր, հղում անելով Կառավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրին, գրել էր, որ Առողջապահության նախարարությունում ակտիվ քննարկվում է հետագայում արգելել չպատվաստված քաղաքացիների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ: Ըստ աղբյուրի` չպատվաստվածների մուտքը «Հայփոստ»-ի բաժանմունքներ արգելելով՝ կառավարությունը ցանկանում է զերծ պահել թոշակառուներին վարակվելուց։
Auroranews-ը կապ հաստատեց «Հայփոստ»-ի մամուլի բաժնի հետ, հասկանալու` կան արդյոք նման քննարկումներ և, եթե կան, երբ ուժի մեջ կմտնի սահմանափակումը: «Հայփոստից» պատասխանեցին, որ նման տեղեկություն նրանք չունեն, հետևաբար նման քննարկումներ ներկա պահին չեն ընթանում և չեն կարող մեկնաբանել սահմանափակման վերաբերյալ տեղեկությունը:
Auroranews-ը կապ հաստատեց նաև Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ: Նա նշեց, որ ինչպես հայտնել են նախատեսվում է դեկտեմբեր ամսից նոր սահմանափակումներ սահմանել, այն է` հանրային վայրեր մարդկանց մուտքը թույլատրել ՊՇՌ բացասական թեստի առկայության կամ պատվաստված լինելու դեպքում: Սա դեռ նախագիշ է, որ քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է «Հայփոստ»-ին ապա կոնկրետ այս հաստատության մասով կոնկրետ սահմանափակումներ չեն քննարկվել: Սակայն դեկտեմբերից սահմանափակումների ուժի մեջ մտնելու դեպքում, դրանք հնարավոր է նույնությամբ տարածվեն նաև «Հայփոստ»-ի վրա: