Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային. դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար, Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: «Արմենպրես»-ն այս և այլ հարցերի մասին զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ:
—Տիկին Լույո, Դուք վերջերս եք ստանձնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, նախ մեր երկրից ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ և ի՞նչ անելիքներ եք տեսնում, որոնց ուղղությամբ առաջնային կերպով պետք է աշխատանքներ իրականացնեք Հայաստանում:
— Շնորհակալություն «Արմենպրես»-ին՝ հարցազրույց տալու հնարավորության համար: Իհարկե ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է այս նշանակումը Հայաստանում, որը ընդհանուր առմամբ Ֆրանսիայի մեծ բարեկամն է և մասնավորապես բարեկամը՝ տարածաշրջանում: Իմ այստեղ գալու հենց առաջին րոպեներից նկատել եմ երկկողմ հարաբերությունների այդ բարձր որակը այն ջերմ ընդունելիությունից, որին արժանացել եմ այստեղ: Եվ ես հանձնառու եմ հայ-ֆրանսիական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:
-Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, Դուք համանախագահող երկրի ներկայացուցիչն եք Հայաստանում: 2020-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Լեռնային Ղարաբաղի պատերազմից արդեն մեկ տարի է անցել, սակայն Ադրբեջանը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, հրաժարվում է ամբողջությամբ վերադարձնել հայ ռազմագերիներին և գերեվարված այլ անձանց: Ֆրանսիան որպես համանախագահող երկիր ի՞նչ դերակատարում կարող է ունենալ այց հարցում՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել պահվող անձանց: Ըստ Ձեզ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և ընդհանուր առմամբ միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն այս հարցում, ի՞նչ դերակատարում կարող են ունենալ:
-Իհարկե ծանոթ եմ այս ցավոտ իրավիճակին: Եվ բնականաբար Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք ցանկանում են հումանիտար միջոցների ձեռնարկում, իրավիճակի լարվածության նվազեցում և դեռ պահվող անձանց ազատ արձակում: Այս թեմային հետևում եմ ոչ թե ես կամ իմ գործընկերները՝ Ֆրանսիայի դեսպանն Ադրբեջանում, այլ կա առանձին դեսպան, որը Մինսկի խմբում Ֆրանսիայի կողմից համանախագահն է, ով հետևում և զբաղվում է այս թեմայով: Ուրախ ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել են Մինսկի խմբի դերի կարևորությունն այս իրավիճակի կարգավորման հարցում: Նաև ուրախ ենք, որ տեղի ունեցավ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Եվ Մինսկի խումբն աշխատում է կողմերի հետ, որպեսզի այլ նոր քայլեր արվեն՝ երկխոսության այդ գործընթացում: Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ բնականաբար հույս ունեմ, որ Մինսկի խումբը կօգնի կողմերին, որպեսզի նրանք առաջընթաց գրանցեն՝ իրավիճակի տևական կայունացման ուղղությամբ:
—Տիկին դեսպան, Դուք ավելի վաղ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Ֆրանսիան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ, կարո՞ղ եք մանրամասներ հայտնել, ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը:
-Երևի այդ ժամանակ շատ հստակ չէի ձևակերպել խոսքս: Խոսքը բնականաբար Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ջանքերի մասին էր, որպեսզի կողմերին ուղեկցեն կարգավորման գործընթացում:
-Սակայն ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ պատրաստվու՞մ է:
-Հղում կանեմ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին: Մինսկի խմբի դերը տևական կարգավորման գործում կողմերին ուղեկցելն է: Մինսկի խումբն ինքը որևէ փաստաթուղթ չի գրում, խոսքը կողմերին ուղեկցելու և աջակցելու մասին է, որպեսզի գտնվեն տարածաշրջանում իրավիճակի տևական կայունացման լուծումներ:
-Ադրբեջանը պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է, ավարտված է, այնինչ, լուծման է սպասում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Այսպիսով Հայաստանը պնդում է, որ հարցը կարգավորված չէ: Ֆրանսիայի տեսակետն այս հարցում ինչպիսի՞ն է:
-Կցանկանայի ևս մեկ անգամ նշել, որ ես Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցիչը, համանախագահը չեմ: Եվ փաստորեն սրանք այն թեմաները չեն, որոնց հարցում ես ունեմ ուղիղ իրավասություն: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ լիովին տեղյակ եմ և գիտակցում եմ այն, թե ինչ ազդեցություն ունի այս իրավիճակը Հայաստանի բնակչության վրա: Հույս ունեմ, որ այն դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրվում են, շուտով կտան պտուղներ:
-Տիկին դեսպան, ինչպես նշեցիք, Դուք Մինսկի խմբի ներկայացուցիչը չեք և անմիջապես այս հարցով չեք զբաղվում, սակայն այս թեմայով վերջին հարցը կցանկանամ հնչեցնել: Մինչև օրս էլ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, ինչպե՞ս կգնահատեք ադրբեջանական կողմի այս գործելաոճը և ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
-Բնականաբար Ֆրանսիան կարծում է, որ կարևոր է հասնել սահմանի հստակ սահմանագծմանն ու սահմանազատմանը: Եվ մենք, ինչպես նաև միջազգային հանրությունը կոչ ենք անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ համատեքստի հաստատումը թույլ կտա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ավելի արագ իրականացում: Եվ բնականաբար սա է իմ ցանկությունն այս հարցի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Ո՞ր դեպքում կկարողանաք մուտք գործել ԱՄՆ. դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․«Նախատեսո՞ւմ եք այցելել ԱՄՆ -ում բնակվող ձեր ազգականներին ու ընկերներին։ Նոյեմբեր...
Էրդողանը կոչով դիմել է Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին և Վրաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին և Հայաստանին համատեղ վերակա...
«Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու». Սամվել Բաբայան
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն «Ազատության» եթերում հայտարարել է, որ մոտակա մի քանի տարին...