
Չնայած այսօրվա սադրանքին՝ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն է եղել. Արցախի նախագահի խոսնակ

Արցախա-ադրբեջանական սահմանին օրվա ընթացքում իրավիճակը, չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, կայուն է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Իմ տեղեկություններով՝ իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում այսօր կայուն է եղել՝ չհաշված առավոտյան հյուսիսարեւելյան ուղղությամբ գրանցված սադրանքը, բայց ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում եմ դիմել Պաշտպանության բանակ»,- հայտնեց Ավանեսյանը:
Տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն, Պաշտպանության բանակի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հայտնել էր, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
«Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- հայտնել էր Արցախի ՊԲ-ն: