Հասարակություն

Ինչպես է երեխայի վիճակը և արդյոք կառույցը անօրինական էր. փաստաբանը նոր մանրամասներ է հայտնել

Ինչպես է երեխայի վիճակը և արդյոք կառույցը անօրինական էր. փաստաբանը նոր մանրամասներ է հայտնել

Երեկվանից սոցցանցերի հայկական տիրույթում օգտատերերերը մի տեսանյութ են տարածում, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները Երևանի Կուրղինյան 3/15 հասցեում 3 մանկահասակ երեխաների ներկայությամբ քաղաքացի Վազգեն Ռաֆայելյանին` երեխաների հորը, բռնի ուժով բերման ենթարկում`նրան տապալելով գետնին։

 

Վազգեն Ռաֆայելյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ ոստիկանների նման գործողությունների պատճառն այն է, որ Ռաֆայելյանը ինքնակամ կառույց է կառուցել։ Նրա խոսքով`դատարանի բոլոր որոշումները կան, կա հարուցված գործ այդ կառույցի օրինականացման վերաբերյալ։ Քանդման որոշումը ևս վիճարկված էր։

 

«Մոտենում են երեկվա կայացված ինչ-որ որոշմամբ և գործողություններ իրականացնում, մինչդեռ ես որպես փաստաբան՝ հորդորում էի, որ չիրականացնեն գործողություններ, որովհետև օրենքով մենք պաշտպանված ենք, և իրենք գործողություններ կատարելու իրավունք չունեին։ Քաշելով, հայհոյելով, գետնին գցելով, ձեռնաշղթաներ հագցնելով, և այդ բոլորը երեխաների աչքի առաջ, վայրագության հասնող վարքագծով քանդեցին շինությունը։ Այդ ընթացքում երեխաները փախել էին դաշտերի մեջ, չգիտեմ՝ հետո ինչպես են գտել»,–ասաց փաստաբանը։

 

Նա նշեց, որ դեպքի ականատես 5-ամյա երեխային ցնցումներով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

 

«Երեխային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց, ներարկում են արել, դեղեր են նշանակել, երեխայի այս վիճակը ոստիկանների գրոհի արդյունքում է եղել։ Բժիշկներն ասում են՝ սթրեսի արդյունք է։ Դիմել ենք նաև հոգեբանի»,- ասաց փաստաբանը։ Մարտիրոսյանը նաև նշեց, որ քանդման այդ որոշումը վիճարկելու են Վարչական դատարանում, իսկ ոստիկանների այդ գործողությունների դեպքով հաղորդում են ներկայացրել ՀՔԾ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250