Ինչպե՞ս կարող է հարցը կարգավորված համարել, երբ հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների ու տանջամահ են արվում. Գարեգին Բ-ի ելույթը

Հոգևոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը և Բարձրյալը օրհնի մեր կյանքը Իր խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը։ Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր:

 

Մայր Աթոռի տեղեկացմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին, մասնավորապես ասել է.

 

 «Ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել,

 

- քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։

- քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը, խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,

- քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,

- քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,

- քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,

- քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։

 

Հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում արժևորել է խաղաղությունը և ձգտել խաղաղ համակեցության հարևան ժողովուրդների հետ, մշտապես հարգել այլոց կրոնական ազատությունները և մշակութային ինքնությունը։ Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումները կառուցված են այն համոզման վրա, որ պատերազմներում չկան հաղթողներ, պարտվում են բոլորը, քանի որ չի կարող լինել հաղթանակ այնտեղ, ուր տիրապետում է մարդկային ողբերգությունը: Քրիստոնյաներիս Սուրբ Գիրքը, որի նվիրականությունը չի ժխտվում նաև իսլամի հավատավորների կողմից, «երկրում խաղաղության և մարդկանց մեջ համերաշխության» (հմմտ. Ղուկ. 2:14) տեսիլքով է ոգեշնչում մարդկությանը:

Տարբերությունների մեջ հանդուրժողականության, խաղաղ համակեցության ու բարիք ստեղծելու պատգամն է փոխանցում մարդկանց նաև Իսլամի Սուրբ Գիրք Ղուրանը, երբ արձանագրում է. «Ձեզանից յուրաքանչյուրին որոշակի օրենքներ և ապրելակերպի ծրագիր սահմանեցինք: Եթե Աստված կամենար, Նա կարող էր ձեզ բոլորիդ մեկ հասարակության վերածել, սակայն (այդպես չկամեցավ), որպեսզի ձեզ տվածի համեմատ փորձի ձեզ: Մրցակցեք ուրեմն բարի գործերով» (Սուրաթ «Ալ-Մաիդա» 5:48):

Հենց այս ոգով այսօր՝ 21-րդ դարի փոխշաղկապված իրականության մեջ բոլոր խնդիրները ազգերի միջև պիտի կարգավորվեն միայն խաղաղ ուղիներով, արդարությամբ, օրինականության և իրավունքի հարգումով։

Պատերազմը չէ ճանապարհը խնդիրների լուծման, և այս պատերազմն էլ իրականում ոչ թե լուծումներ, այլ նոր ողբերգություններ ծնեց և նոր խնդիրներ հարուցեց։ Ռազմական ճանապարհով, զենքի նշանառության ներքո հնարավոր չէ խաղաղություն կերտել, ռազմագերիների գործոնի շահարկմամբ անհնար է համերաշխության և գործակցության հասնել, իսկ պետական մակարդակով հայատյացության սերմանմամբ և սպառնալիքներով բացել հաղորդակցման ուղիները։

 

Հակառակ առկա ծանր կացության՝ Մենք շարունակում ենք հուսալ, որ պիտի կարողանանք հաղթահարել ծառացած մարտահրավերները, նաև զորակցությամբ խաղաղասեր մեր բարեկամ երկրների և մտահոգ միջազգային հանրության ու կառույցների։ Նաև հույս ունենք, որ այս դժվարին իրադրության մեջ Ադրբեջանի իշխանությունները ետ կկանգնեն իրենց ծավալապաշտական նկրտումներից, որոնք կարող են տարածաշրջանը կանգնեցնել նոր, առավել լայնամասշտաբ պատերազմի առջև։

Հոգևոր առաջնորդներիս աղոթքներն ու ջանքերն այսօր պիտի հետապնդեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու նպատակ, որպեսզի թոթափվի լարվածությունը և Բարձրյալը օրհնի մեր կյանքը Իր խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով։

Վերստին Մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, հանուն խաղաղության Ձեր ներդրած ջանքերի և այս հանդիպման համար:

Հարգարժան շեյխ-ուլ-իսլամ, հավատում ենք, որ մեր այս հանդիպումը պիտի արդյունքներ ապահովի Ձեր անմիջական միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունների մոտ՝ մասնավորապես հումանիտար հարցերի, առկա հոգևոր-կրոնական խնդիրների կարգավորման և մեր ժողովուրդների կյանքում խաղաղության վերահաստատման գործում։

Աղոթում ենք աշխարհում խաղաղության և մեր տարածաշրջանում կյանքի ապահով ու անվտանգ, բնականոն ընթացքի վերականգնման ու առաջընթացի համար։ Թող Տերը օրհնի խաղաղության բոլոր ճանապարհները և Իր իմաստությամբ առաջնորդի մեր ժողովուրդներին»:

Քաղաքականություն