
Ադրբեջանցիներն օգտագործում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Իրանի երկինքը. «Հետք»

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի ինքնաթիռները շարունակում են Բաքու-Նախիջեւան-Բաքու կանոնավոր թռիչքներն իրականացնել Հայաստանի օդային տարածքը տարանցելու միջոցով: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Հիշեցնենք, որ 2014 թ. նոյեմբերի 8-ից հետո առաջին անգամ ադրբեջանական օդանավերը կրկին Հայաստանի երկինք մտան հոկտեմբերի 6-ին՝ կատարելով Բաքու-Նախիջեւան ներքին չվերթը:
Flightradar24.com կայքում թռիչքների հետագծերը ցույց են տալիս, որ հոկտեմբերի 7-ից «AZAL»-ի ինքնաթիռները Նախիջեւանից Բաքու վերադառնալիս (թռիչքի համարը՝ J2 252) հենց Վայոց Ձորի երկնքով են մեկնում (տես վերեւում՝ Նախիջեւան-Վայոց Ձոր-Վարդենիս-Սոթք), իսկ Բաքու-Նախիջեւան չվերթի (J2 251) ժամանակ հոկտեմբերի 9-ից օգտագործում են Սոթքի օդային դարպասը (տես ներքեւում՝ Սոթք-Վարդենիս-Վայոց Ձոր-Զանգակատուն-Նախիջեւան), ինչը կարճացնում է երթուղին:
Ավելին՝ եթե մինչեւ այս ամիս ադրբեջանական ինքնաթիռները շրջանցում էին ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի երկինքը, ապա ինչպես տեսնում ենք flightradar24.com-ում, հոկտեմբերի 8-ից «AZAL»-ն անցնում է նաեւ Արցախի երկնքով, մասնավորապես՝ Մարտակերտով ու Քարվաճառով:
Զուգահեռ կատարվում են նաեւ թռիչքներ Իրանի երկնքով, որոնք, դատելով չվերթի համարից (J2 2251 եւ J2 2252) ու ոչ ամենօրյա բնույթից, ոչ կանոնավոր են (չարտերային):
Այս դեպքում ադրբեջանցիներն օտագործում են Բաքու-Թավրիզ-Նախիջեւան-Թավրիզ-Բաքու երթուղին: Ընդ որում՝ այն շահագործում են ոչ միայն «AZAL»-ի, այլեւ դրա դուստր ընկերության՝ բյուջետային (լոուքոսթեր) «Buta Airways»-ի օդանավերը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: