Գարեգին երկրորդը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով այսօր մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Գարեգին երկրորդը ՌԴ մայրաքաղաքում հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

Տեղեկացվում է, որ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։

 

Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ հանդիպման տեղեկատվության վերաբերյալ Auroranews-ը փորձեց կապ հաստատել Մայր Աթոռի լրատվության և հասարակայունթյան հետ կապերի բաժին, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ 

Քաղաքականություն