Հոկտեմբերի 14-ից կստուգվի ՊՇՌ թեստի կամ պատվաստման պահանջի կատարումը Երևանում և մարզերում

Հոկտեմբերի 14-ից առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր կիրականացնի նաև մարզերում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել են տեսչական մարմնի մասնագետները: Տեսչական մարմնի մասնագետները խոսել են աշխատանքային օրենսդրության խախտումների և հոկտեմբերի 14-ից պարտադիր դարձող ՊՇՌ թեստավորման կամ պատվաստումը հաստատող փաստաթղթի պահանջի մասին: 


2020-ի փետրվարից առողջապահական ու աշխատանքի տեսչությունը ստուգում է , թե ինչպես են տնտեսվարողները պահպանում հակահամաճարակային կանոնները: Ստուգայցերը հիմա էլ շարունակվում են: Համաճարակային վիճակը երկրում լարված է: 

«Համաճարակային վիճակը լարված է: Օր- օրի ավելանում է հիվանդացության թիվը, նաև մահացության մակարդակը: Դա կախված է նրանից, որ չենք պատվաստվում և չենք պահպանում հակահամաճարակային կանոնները: Ինչքան էլ որ ստուգայցերը շարունակվում են, սակայն մեր բնակչությունը հակված չէ պահելու կանոնները, որոնք նախատեսված են կորոնավիրուսի կանխարգելման համար: Դիմակների կրումը, ախտահանումները, սոցիալական հեռավորության պահպանումը, այս ամենը մենք շարունակում ենք հսկել: Հիմա գումարվելու է ևս 2 պահանջ: Դա ՊՇՌ հետազոտության թեստի ներկայացման պահանջն է 14 օրը մեկ անգամ և եթե պատվաստված է՝ պատվաստման սերտիֆիկատի առկայության պահանջն է: Ստուգելու ենք գրանցամատյանները և տեսնելու ենք, թե արդյոք պահպանվել է այս պահանջների կատարումը »,- Shantnews-ին ասել է ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը: 

 

Քաղաքականություն